ԿարևորՏնտեսական

Վստահելի՞ են մեր բանկերը, թե՞ ոչ, էժա՞ն են դրանց վարկերը, թե՞ ոչ. քաղաքացիների եւ ԿԲ-ի դիտարկումները բախվում են

lianaeghiazaryan

Թեեւ անցյալ տարի հայաստանյան տնտեսության մեջ շարունակաբար արձանագրվել են մի շարք բացասական երեւույթներ` տրանսֆերտների, ներդրումների, մասնավոր սպառման, վարկերի տրամադրման եւ դրանց վերադարձելիության կրճատումներ, այդուհանդերձ, Կենտրոնական բանկում վստահեցնում են` ներկայացված զարգացումների ներքո ՀՀ ֆինանսական համակարգը կարողացել է կլանել առաջացած ռիսկերը՝ պահպանելով իր բնականոն գործունեության շարունակականությունը: Բոլոր ռիսկերով հանդերձ` վստահելի՞ են արդյոք հայաստանյան բանկերն, ու իրատեսակա՞ն են արդյոք դրանց սահմանած վարկերի տոկոսադրույքները։

 

Հայաստանյան ֆինանսական համակարգում այս տարի շարունակում են առկա մնալ նույն ռիսկերը, ինչ անցյալ տարի: Երկրի ֆինանսական կայունությունը խոցող ռիսկերի բացասական ազդեցությունն աճել է՝ ներկայացնում է ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, բայց զուգահեռ` շեշտում նաեւ դրական միտումները: Երկրի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել կայունությունն ու բավարար ճկունությունը՝ հնարավոր ռիսկերին դիմակայելու համար՝ ասում է: Անցյալ տարի հայաստանյան բանկերին պահ տված ավանդներն ավելացել են, ինչը Գրիգորյանը հակված է բացատրել այսպես. «Ավանդների աճը խոսում է մեր բանկային համակարգի նկատմամբ թե ֆիզիկական, թե իրավաբանական անձանց կողմից վստահության բավականբ բարձր մակարդակի մասին»։

Որքանո՞վ է իրատեսական ԿԲ մասնագետների դիտարկումը` արդյո՞ք հայ քաղաքացին իրոք վստահում է հայաստանյան բանկերին: «Ռադիոլուր»-ը փորձեց պարզել մեր քաղաքացիների կարծիքը փոքրիկ հարցախույզի միջոցով: Մեծ մասը հայտարարեցին՝ չեն վստահում։

Կենտրոնական բանկում արձանագրում են՝ տնտեսվարող սուբյեկտների դրամական հոսքերի վրա ներքին ու արտաքին տարբեր գործոնների բացասական ազդեցությունը նվազեցրել է վարկերի պահանջարկը: ԿԲ վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը «Ռադիոլուր»-ին մանրամասնում է` ընդհանրապես` մարումների ուշացումներով կամ վերադարձելիության խնդիրներով առանձնանում են գյուղվարկերը: Կառավարության կողմից այս վարկերի տոկոսադրույքների մի մասի սուբսիդավորումը որոշակիորեն փոխել է վիճակը, ավելին, սուբսիդավորման ծրագրերը շարունակվելու են, բայց միեւնույն է` անցյալ տարեվերջի դրությամբ ընդհանուր վարկերի մոտ 8 տոկոսը ռիսկային է գնահատվել. ինչպես գլխավոր դրամատանն են ձեւակերպում, չաշխատող վարկերի ծավալն ավելացել է: Կենտրոնական բանկում սա 15 թվականին համաշխարհային եւ ներքին տնտեսական գործոնների ազդեցությամբ։

Անդրանիկ Գրիգորյանը վստահ  է ու վստահեցնում է, որ հայաստանյան բանկերի սահմանած վարկերի տոկոսադրույքները ռեալ են` թելադրված շուկայի կողմից ու ավանդների տոկոսադրույքների համատեքստում դիտարկած` բարձր չեն: Մինչդեռ մեր քաղաքացիներն այլ պատճառ են տեսնում, թե ինչու մարդիկ չեն կարողանում վերադարձնել իրենց վերցրած վարկերը:

Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում կանխատեսում է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանում կնվազեն ինչպես վարկերի, այնպես էլ ավանդների տոկոսադրույքները: Նաեւ նշել էր, թե չկան նաեւ առանձնակի նոր ռիսկեր, որոնք կարող են ռուսաստանյանից հայաստանյան տնտեսություն փոխանցվել: Կենտրոնական բանկում կանխատեսումներ չեն անում, գնահատումներ են անում` վստահությամբ, որ հենց գլխավոր դրամատան խիստ պահպանողական մոտեցումներն են երաշխավորում մեր ֆինանսական համակարգի կայունությունը այս եւ հաջորդ տարիներին: Իսկ արդյոք այս նույն վստահությունն այս եւ հաջորդ տարիներին կփոխանցվի մեր հասարակությանն էլ, դժվար է ասել:

Կարդացեք նաև

Back to top button