ԿարևորՏնտեսական

ՀՀ-ում մինչեւ տարեվերջ կնվազեն թե ավանդների, թե վարկերի տոկոսադրույքները. Բանկերի միության նախագահ

տեղադրվել է ժամը 11։53- ին
լրացվել է ժամը 18։04- ին

 

lianaeghiazaryan

Երեւանում այսօր անցկացվել է Միջազգային բանկային խորհրդի հերթական նիստը: Խորհրդում, հիշեցնենք, անդամակցում են ԱՊՀ-ի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիաները: Նիստին քննարկման ներկայացված հիմնական հարցը նշված երկրներում ազգային արժույթների փոխարժեքների կտրուկ տատանումներն են եւ դրանց փոխազդեցությունը: Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նաեւ ներկայացրել է իր կանխատեսումները, թե առաջիկայում ինչպես կարող են փոխվել վարկերի ու ավանդների տոկոսադրույքները, ինչ նոր ռիսկեր են հնարավոր ֆինանսական շուկայում:

 

Հայաստանյան բանկերում ավանդների տոկոսադրույքները փոքր-ինչ անկում կապրեն՝ համենայն դեպս մինչեւ տարեվերջ: Միաժամանակ վարկերի տոկոսադրույքներն էլ որոշակիորեն կնվազեն: Կանխատեսումը Հայաստանի բանկերի միության նախագահինն է: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Սամվել Ճզմաչյանը փոխանցում է իր դիտարկումը, որ հայկական դրամի փոխարժեքի անկման, այն էլ կտրուկ անկման պատճառներ այս պահին չկան: Չկան նաեւ առանձնակի նոր ռիսկեր, որոնք կարող են ռուսաստանյանից հայաստանյան տնտեսություն փոխանցվել: Ինչ վերաբերում է ռուսական ռուբլու փոխարժեքի կտրուկ` ավելի քան 50 տոկոսով անկմանը, ինչը շղթայաբար ազդել է նաեւ հայաստանյան տնտեսության եւ Ռուսաստանում աշխատող հայերի վաստակած գումարների վրա, ապա Ճզմաչյանը համոզված է` ՌԴ կառավարությունն ու Կենտրոնական բանկը կանեն ամեն ինչ, որ մինչեւ տարեվերջ ռուբլին դոլարի նկատմամբ գոնե 70- ից չանցնի: «Իրենք ունակ են դա անելու, եւ համոզված եմ, որ մինչեւ այս տարվա վերջ նոր ռիսկեր ի հայտ չեն գա»,- շեշտում է Ճզմաչյանը:

Այդուհանդերձ, բանկային համակարգում նկատվում է մտահոգիչ մի երեւույթ` չվերադարձվող վարկերը 7-8 տոկոսից դարձել են մինչեւ 10 տոկոս: Ճզմաչյանը սա չի կապում կառավարության գործունեության հետ: «Տնտեսությունը փոքր- ինչ անկում է ապրել գլոբալ հանգամանքների բերումով»,-բացատրում է ու տեղեկացնում` հայաստանյան բանկերի նվազագույն կանոնադրական կապիտալը 30 մլրդ դրամի բարձրացնելու պահանջի բերումով բանկերի միավորման 2 գործարք արդեն եղել է, երրորդն ընթացքի մեջ է:

Սամվել Ճզմաչյանը չի կիսում մտահոգությունները, թե դա կարող է համակարգում ցնցումներ  առաջացնել: Ընդհակառակը, կապիտալի ավելացման պայմաններում նման մտավախություն ունենալն անհեթեթ է՝ ասում է ֆինանսիստը: Սա նոր կայունություն է խոստանում: «Կարծում եմ` եթե մենք հիմա ունենք 19 բանկ, ապա մինչեւ տարեվերջ 17-18-ը կմնան»:

Ճզմաչյանի հետ զրույցը հաջորդում է Երեւանում անցկացվող Միջազգային բանկային խորհրդի հերթական նիստին: Նիստի ժամանակ հայ մասնագետը շեշտում է` մինչ անցյալ տարի ԱՊՀ երկրների ազգային արժույթներն իրար հերթ չտալով անկում էին գրանցում, հայկական դրամն այս ընթացքում ամենակայուններից է եղել: Միջազգային բանկային խորհրդի նախագահ Ալեքսանդր Մուրիչեւն այս առումով նկատում է` «կարծես ընդհանուր ֆինանսական համակարգը կայունացման նշաններ է ցուցաբերում: Ռուսաստանում, մասնավորապես, բիզնեսն ու տնտեսությունն այժմ ավելի հանդարտ վիճակում են»։

Իրավիճակի կայունացումը լրջորեն անդրադառնում է ԱՊՀ երկրների ու ոչ պակաս նաեւ Արեւելյան Եվրոպայի ընդհանուր ֆինանսական վիճակի վրա` կարծիք է հայտնում Միջազգային բանկային խորհրդի նախագահ Ալեքսանդր Մուրիչեւն ու հայտարարում` ԱՊՀ-ում ազգային արժույթների ճգնաժամի սուր փուլն արդեն անցել է:

 

Կարդացեք նաև

Back to top button