

Երեւանում այսօր անցկացվել է Միջազգային բանկային խորհրդի հերթական նիստը: Խորհրդում, հիշեցնենք, ներկայացված են ԱՊՀ-ի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիաները: Նիստին քննարկման ներկայացված հիմնական հարցը նշված երկրներում ազգային արժույթների փոխարժեքների կտրուկ տատանումներն են եւ դրանց փոխազդեցությունը:
Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատել է, որ հայկական դրամն ամենակայունն է եղել այս ընթացքում: Ինչ վերաբերում է ռուսական ռուբլու փոխարժեքի կտրուկ` ավելի քան 50 տոկոսով անկմանը, ինչը շղթայաբար ազդել է նաեւ հայաստանյան տնտեսության եւ Ռուսաստանում աշխատող հայերի վաստակած գումարի արժեզրկման վրա, ապա Ճզմաչյանը համոզմունք է հայտնել, որ ՌԴ կառավարությունն ու կենտրոնական բանկը կանեն ամեն ինչ, որ մինչեւ տարեվերջ ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ գոնե 70-ից չանցնի:
«Իրենք ունակ են դա անելու, եւ համոզված եմ, որ մինչեւ այս տարվա վերջ առանձնակի նոր ռիսկեր ռուսաստանյանից հայաստանյան տնտեսություն չեն փոխանցվի»,-շեշտել է նա:
Հայաստանի բանկերի միության նախագահը տեղեկացրել է նաեւ, որ մեր բանկերի նվազագույն կանոնադրական կապիտալը 30 մլրդ դրամի բարձրացնելու պահանջի բերումով բանկերի միավորման արդեն 2 գործարք եղել է, երրորդն ուժի մեջ է: Սամվել Ճզմաչյանը չի կիսում մտահոգությունները, թե դա կարող է ֆինանսական համակարգում ցնցումների հանգեցնել. կապիտալի ավելացման պայմաններում նման մտավախություն ունենալն անհեթեթ է, ասել է ֆինանսիստը:
«Ռադիոլուր»-ի զրուցակիցը ներկայացրել է նաեւ իր կանխատեսումները, թե առաջիկայում ինչպես կարող են փոխվել վարկերի ու ավանդների տոկոսադրույքները` սահմանված հայաստանյան բանկերի կողմից:




