Հասարակություն

Ոստիկանությունում շուտով կմեկնարկի կրճատումների եւ օպտիմալացման ծրագիրը

lenabadeyan

 

Ժամանային առումով այսօր Աժ-ում ամենաերկար հաշվետվությունը պաշտպանության բնախարար Սեյրան Օհանյանինն էր: Ինչ է արել կառույցը պետբյուջեից հատկացված գումարներով եւ ինչ ծրագրեր է իրականացրել 2015 թվականին: Հաշվետվությունը, ըստ էության, վերաբերում է այն ժամանակահատվածին, որը նախորդել է Ադրբեջանի ռազմական ագրեսիային: Բոլոր հարցերին նախարարը պատասխանում էր դռնփակ նիստի ընթացքում:

Հաշվետվության ժամանակաշրջանն իրեն չի վերաբերում,   բայց խորհրդարան էր եկել նաեւ Հայաստանի նոր օմբուդսմեն Արման Թաոյանը: Նա լրագրողների համար արտահայտեց սպասելիքները՝ իրավապաշտպանների եւ լրագրողների քայլից: Հիշեցնենք, որ վերջիններս դիմել են եվրոպական կառույցներին ընդդեմ Ադրբեջանի՝ մարդկության դեմ կատարած հանցագործություններն  ապացուցելու համար:

«Շատ կարեւոր է որոշել, թե որ կառույցներին ենք դիմում, որովհետև այդ մարմիններից յուրաքանչյուրն ունի իրավասության իր ծավալն ու կարգավիճակը եւ չափազանց կարևոր է խնդրանքի ձեւակերպումը, որպեսզի կոնկրետ մարմնի իրավաասության շրջանակից դուրս չլինի: Ես հրապարակային աղբյուրներից եմ տեղեկացել, որ Եվրոպական դատարան արդեն իսկ ներկայացվել են գանգատներ եւ կարծում եմ, որ կարեւոր քայլ է, քանի որ Եվրոպական դատարանը մի շարք կոնվենցիաներ ունի: Այս պահին այս առումով որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ դիրքորոշումս բացասական կանդրադառնա գործընթացի վրա»,- նշել է ՄԻՊ- ը:

Մարդու իրավունքների պաշտպանը, ի դեպ, շատ բարձր է գնահատում  այս գործում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հրապարակումը, որը նույնպես փաստական հիմքեր է ապահովել հայցերի համար: Թաթոյանը կարեւորեց Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի չեզոք քննադատությունը, որը հրապարակվեց ապրիլի 11-ին: Ըստ նրա՝ խնդիրը միշտ պետք է լինի Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնում, քանի որ, եթե կանխարգելող քայլեր չլինեն, կարող է ավելի վատ հետևանքներ ունենա:

Ի՞նչ է արվել 2015-ին սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Այս հարցը պատգամավորները տալիս էին նաեւ արտակարգ  իրավիճակների նախարարի տեղակալին: Արամ Մխիթարյանի ներկայացմամբ՝ արվածը բավարար է եղել եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն իրենց միայնակ չեն զգում:

Ուժային կառույցներին թերեւս ոստիկանությունն էր, որ արժանացավ պատգամավորների խիստ եւ ուշադիր վերաբերմունքին: Այստեղ խնդիրը արտաբյուջետային ֆոնդն էր, որը, ինչպես հայտնի է, գոյանում է տուգանքներից եւ կազմում է ոստիկանության ընդհանուր ծախսերի 33.9 տոկոսը: Ասել է, թե որքան շատ տուգանքներ լինեն, այնքան շատ գումար կտնօրինի ոստիկանությունը: Ի դեպ՝ պատգամավորները ժամանակին հանդես էին եկել նախաձեռնությամբ, որ արտաբյուջետային գումարներն ուղղվեն պետբյուջե՝ տարբեր կառուցներ տեղափոխվելու փոխարեն: Այդ առաջարկին ոստիկանությունում դեմ էին: Բայց այսօր ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն այնքան էլ դեմ չէ դրան։

Ի դեպ՝ փոխոստիկանապետն ընդունում է, որ համակարգում կան ուռճացումներ, ուստի հայտարարեց, որ առաջիկայում մեկնարկելու է կրճատումների եւ օպտիմալացման ծրագիրը, որը սկսվելու է Երեւանից եւ հենց ոստիկանության պետի կենտրոնական ապարատից: Իսկ ընդհանրապես համակարգում հաստիքների կրճառտում եղել է դեռեւս 2012 թվականից: Կրճատվել է 218 աշխատատեղ:

Հատկանշական է, որ ուժային կառույցներից միայն պաշտպանության նախարարությունն էր հարգել պատգամավորներին եւ ներկայացել առաջին դեմքի մակարդակով: Մյուս կառույցների՝ երկրորդ եւ երրորդ դեմքերով ներկայանալն առաջացրեց պատգամավորների դժգոհությունը: Նրանցից մեկը նույնիսկ ցուցադրաբար հեռացավ դահլիճից՝ խոստանալով քննարկումներին ուղարկել իր փորձագետին:

Կարդացեք նաև

Back to top button