Տնտեսական

ԱԺ-ն քննարկում է Բյուջե 2015-ի կատարողականը

lusinevasilyan
Խորհրդարանի մշտական հանձնաժողոներն այսօր սկսել են  Բյուջե 2015-ի կատարողականի քննարկումները: Առաջին նիստին մասնակցել են նաև  կառավարության ղեկավարն ու ԱԺ նախագահը: Նրանք որևէ մեկնաբանություն նախորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի կատարման միտումների մասին չեն արել:

Կատարողականի հիմնական ցուցանիշները ներկայացրել  է ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

«2015-ին տնտեսական աճը կազմել է 3%՝ կրելով գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման արդյունքում իրական տնօրինվող եկամտի նվազման, ինչպես նաև տնտեսությունում վարկավորման մակարդակի կրճատման ազդեցությունը», —  ասել է Ջանջուղազյանը:

Նրա ներկայացմամբ՝ բյուջեի պակասուրդը 2015 թ. կազմել է ՀՆԱ-ի 4.8%-ը, նախորդ տարվա 1.9%-ի համեմատ: Արտաքին ապրանքաշրջանառությունը 2015 –ի համեմատ նվազել է շուրջ 20.6%-ով: Պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը 41.4% է:

Ջանջուղազյանը կրնել է, որ  այս ցուցանիշով   Հայաստանը գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր:

«2015 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 2 տրլն 88.5 մլրդ դրամ կամ 4 մլրդ 317.3 մլն ԱՄՆ դոլար: Անցած տարի կրճատվել են ներդրումները, սպառումը, մասնավոր տրանսֆերտները, մասնավոր հատվածի եկամուտները: Բյուջեն իր վարքագծով ջանքեր է գործադրել, որպեսզի մեղմի այս բացասական ազդեցությունը»:

Ի դեպ, պատգամավորները Ատոմ Ջանղուղազյանից այսօր հետաքրքվել են նաև, թե ի՞նչ է սպասվում պետական կառավարման համակարգում օպտիմալացման կրճատված 800 ավտոմեքենաներին: Ըստ կառավարության ներկայացուցիչների՝ ավտոմեքենաները վաճառվելու են  աճուրդով: Այդ գործարքներն արտացոլվելու են արդեն հաջորդ տարվա բյուջեի կատարողականում՝ ասել է Ատոմ Ջանջուղազյանը:

Կարդացեք նաև

Back to top button