
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
«Մեզ համար անընդունելի են այն հանցագործություները, որ տեղի ունեցան վերջերս: Դրանք իսլամական պետության ձեռագիրն ունեն »,- այս մասին Ստեփանակերտում հայտարարել է Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերը: Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորների պատվիրակությունը Արցախ է այցելել ճանաչողական այցով: Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն և Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ Մարտին Դոլցերն ու Հասան Բուրգուջօղլին այցելել են Արցախի խորհրդարան, նրանց ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Գերմանացի խորհրդարանականները, ովքեր ներկայացնում են Դի լինք կուսակցությունը, Արցախ են այցելել ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի և վերլուծաբան Սարգիս Հացպանյանի ուղեկցությամբ:
Գերմանացի պատգամավորները տեղյակ են արցախյան հիմնախնդրին գիտեն, որ այն ազգերի իքնորոշման խնդիր է: Հակամարտութայն վերջին սրացումը դիտարկում են տարածաշրջանային խնդիրների համատեքստում: Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերի խոսքով`«Ցանկացած առճակատում պատմականորեն աճում է և ունի իր յուրահատկությունները: Արցախը մեծամասամբ հայերով բնակեցված լինելով, արհեստականորեն անջատվել է հայաստանից ու ճնշումների է ենթարկվել: Դա պիտի դիտարկենք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ենթատեքստում: Գիտենք, որ Էրդողանը մեծ նկրտումներ ունի տարածաշրջանում և պատերազմ է հրահրում`իր շահերին հետամուտ լինելով»:
Գործընկերոջ հետ համամիտ է ազգությամբ թուրք Հասան Բուրգուջօղլին.
«Մենք իսկապես ցանկանում ենք, որ ճանաչվի Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը և հարգվի Արցախի ինքնորոշման իրավունքը: Եթե 120 տարի առաջ Բեռլինի կոնգրեսում առաջ քաշված խնդիրները լուծում ստանային, այսօրվա խնդիրները չէինք ունանա: Ղարաբաղյան հարցը միայն խաղաղ ճանապարհով պիտի լուծվի, ի վերջո, ով ուզում է անջատվել պիտի կարողանա անջատվի»:
Միեւնույն ժամանակ գերմանացի խորհրդարանականները շեշտեցին, որ ցանկացած հակամարտություն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:
Պատվիրակության ղեկավար, Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությամբ հանդես եկած Ուլլա Ելպքեն ասում է, որ իրենք կողմ ենք ազգերի ինքնորոշման իրավունքին:
«Դա պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով և մենք`ձախերս, գտնում ենք, որ բոլոր մարդիկ պետք է կարողանան ստեղծել մի միջավայր, որտեղ կարողանան մարդկային հարաբերություններ ստեղծել, այլ ոչ թե արհավիրքներ: Մեզ համար անընդունելի են այն ռազմական հանցագործությունները, որ վերջերս տեղի ունեցան, դրանք կրում են իսլամական պետության ձեռագիրը»,- ասում է Մարտին Դոլցերը:
Գործընկերոջ հետ համաձայնելով Ուլլա Ելպքեն ասում է, որ այդպես ձախերն են մտածում, ինչ է մտածում Մերկելը`ինքը չգիտի: Բայց հույս ունի, որ Գերմանիան կկարողանա խնդրի խաղաղ կարգավորմանը նպաստել :
Արցախյան հանդիպումների ընթացքում գերմանացի պատգամավորները քննարկել են ինչպես հակամարտության ներկա վիճակին վերաբերող հարցեր, այնպես էլ խոսել են Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության մասին:
Բանաձեւը Բունդեսթագում քննարկվելու է հունիսի 2-ին: Ուլա Ելպքեն կարծում է, որ դրա ընդունումը կարող է ազդանշան լինել ղարաբաղյան կարգավորման հարցում Գերմանիայում նոր տեսակետների և կողմնորոշումների ձևավորման համար:




