

Ի կատարումն կառավարության նախորդ նիստի՝ վարչապետի կողմից տրված հանձնարարականի, բոլոր կետերով աշխատանքները սկսված են, ինտեսիվ ընթանում են: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ հայտարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ ավտոմեքենաների կրճատումը կլինի փուլային եղանակով: Մասնավորապես, առաջին փուլով կկրճատվի 797 մեքենա:
«Մենք աշխատել ենք բոլոր նախարարությունների հետ, բացի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև աշխատել ենք բոլոր առընթեր մարմինների՝ բացառությամբ ոստիկանության, ազգային անվտանգության և քննչական, ինչպես նաև փրկարար ծառայության: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվելու է 107-ով, իսկ առընթեր մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, Փակ բաժնետիրական ընկերություններում և հիմնադրամներում՝ 690 ավտոմեքենա:
«Պետք է նշեմ, որ դրանց մի մասն օգտագործվում էր հենց պետական մարմինների կողմից»,- ասել է Դավիթ Հարությունյանը և նշել, որ առաջարկում են ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել կառավարության հաջորդ նիստում ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների վերոնշյալ քանակի նվազեցումը, ինչպես նաև կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը:
«Ի լրումն նշածիս՝ նախապատրաստվել է վարչապետի հանձնարարականի նախագիծ, որով առաջինը՝ արգելվում է սպասարկվող, այսինքն՝ հերթապահ մեքենաների ամրագրումը որևէ կոնկրետ պաշտոնատար անձին: Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պարբերաբար ուսումնասիրություններ պետք է կատարվեն սպասարկվող մեքենաների օգտագործման նպատակայնության վերաբերյալ: Երկրորդ՝ բոլոր նշված մարմինների պաշտոնական կայքերում պետք է զետեղվի տեղեկատվություն մեքենա առ մեքենա, թե ում է այն սպասարկում, մակնիշը արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը: Երրորդ պետք է արգելվի ծառայողական նպատակները օգտագործելու համար պետական ոչ առևտրային կազմակերպություններին, ՓԲԸ-ներին, Հիմնադրամներին կամ պետական հիմնարկին պատկանող մարդատար ավտոմեքենաների տրամադրումը հանրապետական գործադիր մարմիններին: Ավտոմեքենաների կրճատման աշխատանքները շարունակվում են»,- նշել է Դավիթ Հարությունյանը:
Բացի այդ, ըստ նրա, առաջարկվում է, որպեսզի բյուջետային միջոցները խիստ նպատակային և ադյունավետ օգտագործվեն, կա հանձնարարական պետական իշխանության կառավարման մարմիններին՝ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված, ներառյալ միջազգային կազմակերպությունների և օտարերկյա պետությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերը, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծախսերը:
«Միջծրագրային, միջհոդվածային, միջեռամսյակային, ներհոդվածային, այդ թվում՝ գնումների անվանացանկի փոփոխությունները , բոլոր այդ վերաբաշխումները համաձայնեցվելու են վարչապետի հետ»,-եզրակափել է Դավիթ Հարությունյանը:




