

Երեւանում այսօր անցկացվել է «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովը, որի ժամանակ ելույթ ունենալով` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը անդրադարձել է Հայաստանի բիզնես միջավայրին ու գրավչությանը: Դեսպանն ամերիկյան գործարարներին ուղղել է Հայաստանում ներդրումներ կատարելու իր կոչը` միաժամանակ չխուսափելով զգուշացնել` այս երկրում կա կոռուպցիա, «պետք է հաշվի նստել այս փաստի հետ»: «Դեսպանությունն ամեն ինչով աջակցելու է, որ ձեզ համար հավասար հնարավորություններ ստեղծվեն»,-ամերիկյան գործարարներին խոստացել է դեսպանը: Լիանա Եղիազարյանն է մանրամասնում:
Անցյալ տարվա մայիսին կնքված հայ-ամերիկյան Առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո հայ գործարարների ու որոշ ամերիկյան հայտնի ընկերությունների միջև կապեր ստեղծելու մի շարք քայլեր են ձեռնարկվում: Տարածաշրջանում հաջողությամբ տնտեսվարող տասնյակ ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներն այժմ դիտարկում են Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները:
Հայաստանում վերջին տասնամյակի հարկային, մաքսային, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության բարեփոխումները ներդրումներ կատարելու հնարավորություններ են ստեղծում, անցյալ տարի «Կոնտուր Գլոբալ»-ի կողմից «Որոտան» կասկադի ձեռքբերումը ամերիկյան խոշորագույն ներդրումն է Հայաստանում: Շինարարություն, ՏՏ, սննդի արդյունաբերություն` գրավիչ ոլորտներ են, ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովի ժամանակ ասում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, բայց նաեւ զգուշացրեց` նախկին խորհրդային տարածքում տարածված էկոռուպցիան եւ գործարարները պետք է աչքերը բաց պահեն։ «Դեսպանությունն ամեն ինչով աջակցելու է, որ ձեզ համար հավասար հնարավորություններ ստեղծվեն»,-ամերիկյան գործարարներին խոստացավ դեսպանը:
Իր հերթին խոստմամբ հանդես եկավ նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարը: «Ես մենաշնորհի դեմ առաջին պայքարողներից եմ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նախարարին զարմացնում է, որ ավելի բաց, թափանցիկ և համագործակցաբար աշխատանքի ոճը մամուլի քննադատությանն է արժանացել:«Գուցե մամուլը ականջահաճո հայտարարությունների է սպասում մենաշնորհներ վարողների մասին: Բայց ես նախընտրում եմ երկրի զարգացումն ու առաջընթացն ապահովելը, քան քաղաքական ուժերի ու անձանց խոսքերի հետևից ընկնելը»,-ասաց: Ամեն դեպքում՝ զեկույց լինելու է, ու նշվելու են բոլոր հայտնի անունները, ովքեր մենաշնորհ ունեն: Բայց դրան պետք է նախորդի լուրջ աշխատանք։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի տված երեքշաբաթյա ժամկետին, որպեսզի մատնանշվեն մենաշնորհային ոլորտներն ու գործարարները, ապա Արծվիկ Մինասյանը դա անելու համար ժամանակը բավարար է համարում: «Մենք չենք կարող հայտարարել, որ մենաշնորհներ կան ու մի կողմ կանգնենք: Հարկավոր է քայլեր ձեռնարկել, որոնք բազմաթիվ են: Երեք շաբաթը քիչ է մենաշնորհների դեմ պայքար տանելու առումով, բայց բավարար է, որ ճանապարհային քարտեզ մշակենք մենաշնորհային ողջ տնտեսական կարգը վերափոխելու, ազատ տնտեսական կարգեր ձևավորելու տեսանկյունից»,- ասաց էկոնոմիկայի նախարարը: Իրենք արդեն դիմել են ՏՄՊՊՀ-ին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար, ակնկալում են նաև միջազգային կազմակերպությունների աջակցությունը:
Համաժողովին մասնակից հայ մասնագետներն ամերիկյան գործարարներին մանրամասնեցին հայաստանյան ներդրումային հեռանկարները, ներկայացվեցին երկրի տնտեսական զարգացման գերակայությունները: Հայ գործարարները հնարավորություն ունեցան ամերիկյան գործընկերների հետ քննարկելու հետագա գործընկերության ու գործարքների հնարավորությունները: Որքանով դրանք կենսունակ կլինեն, ժամանակի խնդիր է, նաեւ` կոմերցիոն հարց, որի մասին գործարարները դեռ նախընտրում են չխոսել:




