

Կառավարությունը նոր հարկային բեռ է պատրաստում միջին խավի համար՝ ասում են օրենսդիրները: ԱԺ-ում շրջանառության մեջ դրված Հարկային օրենսգրքի նախագծով աշխատավարձերից եկամտային հարկի մասով դրույքաչափերի որոշակի փոփոխություն է նախատեսվում: Մինչեւ 120 հազար դրամ աշխատավարձ ստացողների դեպքում թեեւ նվազեցում կա՝ 24.4%-ից 23%, բայց փոխարենը՝ 2 տոկոսով բարձրանում է 120 հազարից բարձր աշխատավարձի հարկման դրույքաչափը՝ 26%-ից դառնալով 28%։ Բայց սա էլ դեռ ամենը չէ: Առաջարկվում է վերանայել մեկ այլ շեմ եւս: 2 միլիոն դրամի աշխատավարձի շեմն իջեցենել 1 միլիոնի եւ հենց այդ չափից սկսած գանձել 33 տոկոս եկամտահարկ:
Նախագիծը թեեւ դեռ ԱԺ օրակարգում չէ՝ ընդամենը ձեւավորվել է աշխատանքային խումբ, որն աշխատում է փաստաթղթի վրա, բայց արդեն հիմա լուրջ կանխատեսումներ կան՝ քննարկումը թեժ եւ աղմկահարույց է լինելու, նախագծին դեմ արտահայտվողները պատրաստվում են լուրջ պայքարի:
«Հարկերի բարձրացումը ներկայացվում է իբրեւ թե «ունեւորների»-ն ուղղված մի քայլ, բայց այն իրականում դիվերսիա է միջին խավի դեմ»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում նման գնահատական տվեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ծանր վիճակում գտնվող տնտեսությանը վերջին հարվածը կլինի սա, քանի որ փաստաթղթի ընդունման դեպքում պատգամավորը կանխատեսում է «բիզնեսի արտագաղթ»:
Հարկային օրենսգրքի նախագծի առնչությամբ մտահոգություններ ունի նաեւ Միքայել Մելքումյանը: Դեռեւս ծանոթանում է փաստաթղթին, ամբողջովին չի ուսումնասիրել, բայց այն, ինչին ծանոթ է, դեռեւս դժվարանում է միանշանակ գնահատել: «Դրական բաներ էլ, բացասական բաներ էլ շատ կան, այնպես որ հետո կխոսենք: Լուրջ խնդիր եմ տեսնում, որովհետեւ միջին խավի եկամուտների հարկային բեռը բարձրանում է, մենք փոխանակ միջին խավին խրախուսենք, հակառակը՝ ավելի բեռ ենք դնումյ, ինչի համար՝ անհասկանալի է: Զգալի է թե չէ, այնքան է, որ աշխատավարձին համարժեք այո՝ բեռ է եւ ոչ քիչ»,- ասում է:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը համոզված է, որ աշխատանքային խմբում քննարկումներից հետո առաջարկները որոշակի փոփոխություն կկրեն՝ ինչ ծավալով՝ դժվարանում է կանխատեսել: «Ես չեմ կարծում, որ Հայաստանում կա որեւէ մեկը, որ չի պատկերացնում, որ ցանկացած փուլում կարող է առաջանալ սոցիալական դժգոհություն: Կարծում եմ, որ առնվազն մինչեւ աշուն շատ լուրջ քննարկում տեղի կունենա: Մեծ աշխատանքային խումբ է ձեւավորված եւ կարծում եմ՝ շահագրգիռ մարդիկ են ընդգրկված, ովքեր կցանկանան ցանկացած դրույթ մանրակրկիտ ուսումնասիրել եւ ներկայացնել: Մենք ունենք հստակ մի խնդիր՝ ՀՀ քաղծառայողների, պետական ծառայողների, ինչու ոչ՝ նաեւ մասնավոր սեկտորի, հանրային սեկտորում ընդգրկված մարդկանց աշխատավարձերի 95 տոկոսը չի բավարարում էլեմենտար խնդիրներ լուծելու համար»:
Հատկանշական է, որ շատ պատգամավորներ այսօր հրաժարվում են կամ խուսափում են խոսել Հարկային օրենգրքի նոր փաթեթի մասին: Ի դեպ՝ ներկայացված հարկային փոփոխությունների գործարկման ժամկետը նշված է 2018 թվականը, այսինքն՝ համապետական ընտրություններից հետո:




