

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ակտիվացան թուրքական արտադրանքը Հայաստանում արգելելու մասին հայտարարությունները: Հարցը նաև խորհրդարանական ամբիոնից հնչեց, վարչապետն ու էնոնոմիկայի նախարարն արձագանքեցին: «Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող անդամները դիմել էին էկոնոմիկայի նախարարությանը, ստացել նրանց մտահոգությունը կիսող պատասխան: Շարժման համակարգողները վստահ են՝ առավելագույնը երեք տարվա ընթացքում հնարավոր կլինի ազատվել թուրքական արտադրանքից: «Արգելելով թուրքական ապրանքերի մուտքը՝ ավելի շատ փակվում է ապագա հնարավորությունները և ոչ թե ներկա տնտեսական իրավիճակը»,- ընդգծում են տնտեսագետ-փորձագետները:
Զարգացնել տեղական արտադրանքը, հայ սպառողին առաջարկել այլընտրանք, Թուրքիայից ապրանք ներմուծողներին էլ՝ այլընտրանքային շուկաների հնարավորություն ընձեռել. «Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող խմբի առաջարակն է տնտեսության ոլորտի պատասխանատուներին: Այս շարժումը, հիշեցնենք, օրերս հանդես եկավ «Ոչ թուրքական արտադրանքին» նախաձեռնությամբ, դիմեց էկոնոմիկայի նախարարությանն ու արդեն ստացել է պատասխանը:
Նախարարությունը կիսում է մտահոգությունը, շեշտը դնում է ՓՄՁ-ների զարգացման ու հատկապես արտահանման ուղղություն ունեցող արտադրանքի վրա, դիմումի պատասխանը փոխանցում է «Հանուն օրենքի» հասարակական շարժում համակարգող Արման Ղուկասյանն ու նշում, որ խնդիրը համակողմանիորեն է ուսումնասիրվում:
Հիշեցնենք, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ակտիվացան թուրքական արտադրանքը Հայաստանում արգելելու մասին հայտարարությունները: Փորձագետների ու տնտեսագետների մեծ մասը, սակայն, տեղեկացնենք՝ կարծում է, որ կտրուկ քայլերը՝ թուրքական արտադրանքը արգելելու ճանապարհը, ռիսկեր է պարունակում հատկապես ՓՄՁ տնտեսվարողների համար:
«Հանուն օրենքի» հասարակական շարժում համակարգողներ Արման Ղուկասյանը նույնպես կարծում է, որ նախ և առաջ այլընտրանքներ են անհրաժեշտ։ «Շատ ընտանիքներ Թուրքիայից ներմուծելով իրենց հացի խնդիրն են լուծում, դրա համար մենք ի սկզբանե առաջարկել ենք, որ ոչ թե արգելքներ ստեղծեն, այլ՝ այլընտրանք առաջարկել»:
Նշենք, որ Թուրքիայից Հայաստան է ներմուծվում ավելի քան 570 անուն ապրանք: Ցանկում սննդամթերքն է, հագուստը, առաջին անհրաժեշտության ապրանքները: Տնտեսագետները պնդում են՝ 2015-ին արդեն իսկ թուրքական ապրանքների ներմուծումը նվազել է, այժմ Հայաստան ավելի շատ իրանական ապրանքներ են ներմուծվում, քան՝ թուրքական: Արգելելով թուրքական ապրանքերի մուտքը՝ ավելի շատ փակվում են ապագա հնարավորությունները՝ կարծում են տնտեսագետ-փորձագետները:
Շարժման համակարգող անդամ Ծովինար Կոստանյանը պնդում է՝ թուրքական արտադրանքը Հայաստանում վաճառող առևտրականները պատրաստ են այն այլ երկրի արտադրանքով փոխարինել կամ զբաղվել բոլորովին այլ աշխատանքով, եթե, իհարկե, այն լինի։ «Գրեթե բոլորը միաբերման ասում են, որ իրենք ստիպված են Թուրքիայից ապրանք բերել։ Այնպես չէ, որ իրենք շատ գոհ են Թուրքիայից ապրանք բերել, ուղղակի այլընտրանք չկա»։
Հատկապես տեքստիլի մասով Հայաստանը կարող է շուկայի կարիքները բավարարել՝ պնդում են մասնագետները՝ միաժամանակ նկատելով՝ հարկերը բարձր են, շուկան՝ փոքր, 8 կամ 9 տոկոսով տրամադրվող դրամային վարկերը տեքստիլ արտադրողների համար այնքան էլ մատչելի չեն: Երբ մտահոգությունները փոխանցեցինք էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին՝ նա նշեց, որ այլ հավասար պայմաններում իհարկե 8 կամ 9 տոկոս դրամային վարկերը մատչելի են, սակայն, նախարարը ամբողջական շղթան ուսումնասիրելու անհրաժեշտություն է տեսնում։
«Ինչ է նշանակում 8 կամ 9 տոկոս, եթե դու չունես իրացման դաշտ, իրացման պայմանագիր, այդ դեպքում ինչ տոկոս էլ լինի, լինում է աննպատակահարմար: Հետևաբար, պետք է մենք ամբողջ շղթայի մեջ նայենք: Եթե տնտեսությունդ աճում է երկու կամ երեք տոկոսով, բայց դու վարկ ես վերցնում հինգ անգամ ավելի շատ, պարզ է, որ հնարավոր չի դա արդյունավետ մեխանիզմ համարել»,- ասում է նախարարը։
Արծվիկ Մինասյանն ընդգծում է նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառման, ու արտադրանքի մրցունակության աճի կարևորությունը:




