Քաղաքական

Աշխարհի կողմից մոռացված պատերազմը.Radio Vatican-ի անդրադարձը՝ ԼՂ հակամարտությանը

Լեռնային Ղարաբաղում շարունակում են զոհեր գրանցվել՝ չնայած հակամարտությունը կարգավորելու՝ երկու պետությունների նախագահների ցանկության մասին հայտարարություններին, գրում է Radio Vatican ռադիոկայանի կայքը՝ հիշեցնելով, որ  Վիեննայում մայիսի 16-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո երկու կողմում էլ շփման գծում երկու զոհ է գրանցվել:

Լրագրող Ֆրանչեսկա Սաբատինելին այս թեմայով խոսել է Osservatorio Balcani e Caucaso կենտրոնի լրագրող Սիմոնե Զոպելարոյի հետ:

Զոպելարոյի խոսքով՝ երկու երկրների նախագահների հանդիպումը կարևոր քայլ էր, քանի որ նրանք երկար ժամանակ չէին հանդիպել, հատկապես՝ ապրիլից ի վեր, երբ տեղի ունեցավ 1994 թվականին կնքված հրադադարից ի վեր պատերազմի վատագույն շրջանը: Նա նշել է, որ 1994 թվականից ի վեր չէին եղել նման ծանր պատերազմական գործողություններ, ինչպես ապրիլի սկզբին, երբ գրանցվեց ավելի քան 300 զոհ երկու կողմերից: Երկու նախագահները կրկին կհանդիպեն, և հույս կա, որ դա կարող է հանգեցնել խաղաղության վերաբերյալ համաձայնագրի կնքմանը:

 

Լրագրողը պատմել է, որ այցելել է Թալիշ՝ «ուրվական գյուղ», որտեղ ողջ բնակչությունը ստիպված է եղել հեռանալ, դպրոցներն ու տներն ավերվել են, շատերը սպանվել, վիրավորվել, խոշտանգվել: Նա պատմել է նաև, որ այցելել է խրամատներ, որոնք նույնպես նրա համար «մեկ այլ տպավորիչ տեսարան են եղել»։ «Մեզ այս ամենը տանում է 100 տարի հետ, երբ Եվրոպայում Առաջին համաշխարհային պատերազմն էր: Դեռ այսօր էլ, Առաջին համաշխարհային պատերազմից հարյուր տարի անց, խրամատներ կան, որտեղ երիտասարդները բախվում են մահվան սպառնալիքին: Եվ այս ամենն իսկապես աշխարհի կողմից մոռացված պատերազմ է»,- ասում է նա:

Լրագրողները նաև խոսել են  Հռոմի պապի՝ Հայաստան կատարելիք այցի մասին, և Սիմոնե Զոպելարոն նշել է, որ դա քիչ լավ նորություններից է:

«Հանդիպել եմ քաղաքացիական հասարակության տարբեր անդամների, վարչապետին. նրանք բոլորն ինձ պատմել են Հռոմի պապի այցելության մասին որպես այս հակամարտության համար մեծ հույսի նշան: Հակամարտություն քրիստոնյա հայ բնակչության, որը եղել է պատմության մեջ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ժողովուրդը, և Ադրբեջանի մահմեդական բնակչության միջև: Հուսով եմ, որ Պապի այցը կարող է խաղաղության նշան լինել»,- ասել է նա:

Կարդացեք նաև

Back to top button