

Էջմիածնում «Միասնության արվեստ» խորագրով կազմակերպված Մաչանենց միջազգային 2-րդ սիմպոզիումը մի հարկի տակ էր հավաքել տարբեր երկրների ստեղծագործողների, որոնց աշխատանքների ցուցահանդեսը կբացվի մայիսի 21-ին: Մինչ այդ՝ նրանց էր այցելել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ծանոթացել «Հայ միասնության խաչ» հասարակական բարեգործական կազմակերպության մշակութային կյանքին: Նախարարը հանդիպել է Հրաչյա Հովհաննիսյանի անվան հանրային գրադարանի աշխատողների հետ, եղել՝ Բաղրամյանի Լևոն Գալչյան արվեստի կենտրոնում:
Էջմիածինը բացի հոգևոր մայրաքաղաքից նաև մշակութային կենտրոն է: Մայիսի 14-ից «Հայ միասնության խաչ» հասարակական բարեգործական կազմակերպությունում կամ Մաչանենց տանը կազմակերպված «Միասնության արվեստ» խորագրով Մաչանենց միջազգային 2-րդ սիմպոզիումը, մեկ հարկի տակ էր հավաքել հայ և օտարազգի ստեղծագործողներին: Մուտքի մոտ քանդակագործները՝ Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոցի սաները, հայկական կարմիր տուֆի վրա հերթական խաչքարն ու քանդակն էին կերտում: Բակում գեղանկարիչներն ու խեցեգործներն էին: Ստեղծագործելու համար նպաստավոր պայմաններն ապահովված էին: Նրանց ձեռքի տակ կյանք էին ստանում արվեստի նոր գործեր, մշակութային նոր արժեքներ։ Ներկապնակի բոլոր գույների համադրումն արտահայտում է ստեղծագործողների օրվա հոգեվիճակն ու մտքի արտացոլանքը:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ծանոթացավ սիմպոզիումի մասնակիցների հետ, հետաքրքրվեց նրանց աշխատանքով: Մաչանենց տանը գործում են արվեստի և ազգային խոհանոցի խմբակներ: Ունի 215 շրջանավարտ, խոցելի խմբերի համար ուսուցումն անվճար է: «Հայ միասնության խաչ» բարեգործական-մշակութային կազմակերպության հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանի մտահղացմամբ՝ տարեցտարի ընդլայնվում է կառույցի գործունեությունը: Հնաոճ իրերի հավաքածուներն ավելի պատկերավոր են դարձնում հայի կենցաղը: Յուրաքանչյուր նմուշ իր պատմությունն ունի՝ Դեր Զորից բերված ոսկորներ, Արարատ լեռից իջեցրած քար և այլն:
Ի տարբերություն Մաչանենց տան Բաղրամյանի տարածքում 2006 թվականին հիմնված Լևոն Գալչյան արվեստի կենտրոն հաճախող աշակերտների թիվը կտրուկ նվազել է, այստեղ տարիներ առաջ հարակից գյուղերի երեխաներն անվճար արհեստ են սովորել: Չհաճախելու հիմնական պատճառը սոցիալական վատ պայմաններն են: Հիմա միայն արծաթագործության խմբակն է գործում ՝ 5 աշակերտով, հինգն էլ՝ Դալարիկ գյուղից:
Կենտրոնի հիմնադիր Ռուբեն Գալչյանը Բաղրամյանում կենտրոնը բացել է որդու՝ Լևոնի հիշատակին, ով ուսանել էր Իտալիայում և զբաղվել՝ կիրառական արվեստով: Լևոն Գալչյան արվեստի կենտրոնի գործունեությունն աշխուժացնելու նպատակով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տնօրեն ՄիքայելՄկրտչյանին առաջարկեց նոր ծրագրեր մշակել և համատեղ ուժերով կյանքի կոչել:
Մշակույթի նախարարն Արմավիրի մարզ դատարկաձեռն չէր եկել, բերել էր գրքեր և նկարակալներ: Էջմիածնի Հրաչյա Հովհաննիսյանի անվան հանրային գրադարանը հարուստ ֆոնդ ունի, ընթերցողների պակաս էլ չկա: Հանրային գրադարանի մասնաճյուղի վարիչ Հրանուշ Գաբրիելյանը նշեց, որ իրենց ընթերցողները հիմնականում ուսանողներ են և գրադարանն ունի բուհական դասագրքերի պակաս: Գրադարանի կարգավիճակի փոփոխությունը նշանակում է ստանալ պետական աջակցություն:




