

Վրաստանում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ հայերի հետ կապված խնդիրների մասին են այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանն ու «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Նրանք անդրադարձել են, մասնավորապես, Ախալցխայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված ջահերով երթից հետո տեղի ունեցած միջադեպին, որը բավականին քննարկվել է հայաստանյան լրատվամիջոցներում: Հրանտ Միքայելյանը նկատել է, որ նման միջադեպեր հատկապես Ախալցխայում հաճախ են տեղի ունենում, որոնց մասին գրեթե չի խոսվում:
Հիշեցնենք, որ ջահերով երթից հետո միջադեպ էր տեղի ունեցել հայ եւ վրացի երիտասարդների միջեւ, որը հարթվել էր, սակայն, ավելի ուշ մեկ այլ պատրվակով ոստիկանությունը բերման էր ենթարկել հայ երիտասարդներին՝ նրանց նկատմամբ դրսեւորելով կոպիտ եւ կոշտ վերաբերմունք՝ անհարգալից արտահայտվելով Ցեղասպանության եւ հայերի վերաբերյալ:
Երիտասարդներն այժմ բողոքում են ոստիկանների պահվածքից եւ պահանջում պատժել նրանց՝ ոստիկանին ոչ վայել կեցվածք դրսեւորելու համար: Գագիկ Գինոսյանը ծնունդով Ախալցխայից է եւ հետաքրքրվել է միջադեպի մանրամասներով: Նրա խոսքով՝ հայ-վրացական որեւէ խնդիր այստեղ չկա, սակայն, ջավախքահայությունը անտեսված է, երբ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը որեւէ կերպ չի հետաքրքրվում հայ մարդկանց խնդիրներով:
Գագիկ Գինոսյան. Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար




