Հասարակություն

ՄԱԿ- ի գրասենյակի մոտ ցույց՝ ի պաշտպանություն Կարո Փայլանի

karenghazaryan

Այլեևս թույլ չենք տալու, որ թուրքական իշխանությունները, պանթյուրքական ֆաշիստական ավանդույթներին հավատարիմ, մատ թափ տան հայի վրա: Այսօր Երեւանի Հանրապետության հրապարակից դեպի ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ երթ է անցկացվել քաղաքացիական նախաձեռնությամբ՝ ի պաշտպանություն թուրքական խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանի: Երթի մասնակիցները նամակ-պահանջ են հանձնել ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ: Պահանջում ենք, որ ՄԱԿ-ն իր պարտավորությունները կատարի եւ ստիպի Թուրքիային, որ ավելի ժողովրդավարական դառնա ու ապահովի իր խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի անվտանգությունը՝ լրագրողների հետ զրույցում շեշտել է նախաձեռնության համահեղինակներից Մարկ Հովհաննիսյանը:

 

Երեւանի Հանրապետության հրապարակից «Ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի» երթի մասնակիցները շարժվեցին դեպի ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ: Երթի մասնակիցները կրում էին «Ես Կարո Փայլան եմ» ցուցանակներ: Վաչագան Մարդոյանը արմատներով Արեւմտյան Հայաստանից է: Նա կարծիք հայտնեց, որ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորի համար հայության բարոյական աջակցությունը կարեւոր է.

Սուսանա Մովսիսյանը Արցախից էր եկել՝ հատուկ Կարո Փայլանին աջակցող ակցիային մասնակցելու։ Նախաձեռնության հեղինակներից Մարկ Հովհաննիսյանն ասաց, որ իրենք բարձրաձայնում են իրենց մտահոգությունը, քանի որ Կարո Փայլանի՝ Թուրքիայի խորհրդարանում ունեցած հայտնի համարձակ ելույթից հետո, թուրքական սոցցանցերում արդեն հրապարակային սպառնալիքներ են հնչեցվում՝ Կարո Փայլանին Հրանտ Դինքի ճակատագրին արժանացնելու վերաբերյալ:  «Թուրքիայում սովոր չեն, երբ որ մարդը բարձրաձայնի, պահանջներ ներկայացնի, համամարդկային արժեքների համար պայքարի: Անսովոր է իրենց համար»:

Սա պիտի հասկանան եւ համարժեք արձագանք տան այնպիսի միջազգային կառույցներ, ինչպիսին ՄԱԿ-ն է: Երթի մասնակիցներն այս հոյսով նաեւ նամակ-պահանջ հանձնեցին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ: Նամակում փաստերով ներկայացվել են Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի կոնկրետ դրույթների կոպիտ ոտնահարումները:Երթի մասնակիցները պահանջում են, որ ՄԱԿ-ը համապատասխան հանձնաժողով ստեղծի՝ Կարո Փայլանի նկատմամբ եղած բռնությունների վերաբերյալ հետաքննություն իրականացնելու համար: Հակառակ դեպքում՝ ՄԱԿ-ը ստիպված է լինելու վերանայել Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը այս կառույցին:

Նամակը երթի մասնակիցները հասցեագրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: Ակնկալիքների մասին նախաձեռնության հեղինակներից Մարկ Հովհաննիսյանն ասաց հետեւյալը. «Միջազգային նմանատիպ կազմակերպություններից մեծ ակնկալիքներ չունենք, որովհետեւ շատ անգամ նրանք լռում են: Բայց, ամեն դեպքում, մենք պետք է բարձրաձայնենք յուրաքանչյուր նմանօրինակ դեպքում եւ կանգնենք արդարություն պահանջող մեր հայրենակցի կողքին»:

Պետք է հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել Թուրքիային զերծ պահել ազգային խտրականության հողի վրա՝ մասնավորապես հայկական ծագում ունեցող մարդկանց ճնշելու, նրանց հետ հաշվեհարդար լինելու բոլոր փորձերից: Այլեևս թույլ չենք տալու, որ թուրքական իշխանությունները, պանթյուրքական ֆաշիստական ավանդույթներին հավատարիմ, մատ թափ տան հայի վրա՝ շեշտում էին նախաձեռնության կազմակերպիչներն ու երթին մասնակցողները: Ի դեպ, երթի մասնակիցների անունից ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակին նամակ փոխանցելիս երթին էր միացել նաեւ հայտնի ՀՀԿ-ի տատիկը։

Երթի մասնակիցների թվում այսօր հանդիպեցինք նաեւ սփյուռքահայ գործիչ, թուրքագետ Սարգիս Հացպանյանին եւ Ժառանգությունից Անահիտ Բախշյանին: Անահիտ Բախշյանը կարեւորում է երիտասարդների նախաձեռնությունը, կարծում է, որ այն ինչ-որ կերպ ազդեցություն կարող է ունենալ, որպեսզի չկրկնվի Հրանտ Դինքի ճակատագիրը։

Հիշեցնենք, որ Կարո Փայլանը ապրիլի 24-ին թուրքական մեջլիսում ցուցադրել էր ցեղասպանության ժամանակ սպանված հայ պատգամավորների լուսանկարները, պահանջել էր հետաքննություն անցկացնել ու պատժել ցեղասպանության կազմակերպիչներին ու մեղավորներին, վերաանվանավորել Թուրքիայում ցեղասպանության կազմակերպիչների պատվին անվանակոչված փողոցները: Այդ ելույթից հետո նա ենթարկվել էր նախապես ծրագրված հարձակման, իսկ այժմ թուրքական սոցիալական ցանցերում նրան սպանելու կոչեր են հնչում։

 

Կարդացեք նաև

Back to top button