

Այսօրվա սերունդը իրենց հայրերի պես խիզախություն գրանցեց: Մինչև վերջ պայքարող, սեփական կյանքը ընկերոջ, հողի, ազգի համար տված հերոսներին ու նրանց քայլերը հիշում ենք ամեն օր, ու առավել ևս այսօր:
Կապիտան Արմենակ Ուրֆանյանը կյանքի գնով է փրկել իր զինվորներին: Հակառակորդի մի քանի անգամ գերազանցող ուժերի դեմ պայքարել է միայնակ, խոցել է մեկ տանկ և մոտավորապես մեկ տասնյակ թշնամու զինվորի: Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է թշնամու զինվորներին: Գուցե կանխազգալով՝ իր զարմիկին՝ Ռաֆայել Բարսամյանին կապրտանը միշտ ասել է՝ գերի չեմ ընկնի։
Կապիտան Ուրֆանյանի հետ միասին նույն կերպ պայքարել է նաև կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը, ով ևս իր մոտ գտնվող նռնակով իրեն ու ևս մի քանի ադրբեջանցի է ոչնչացրել: Հերոսաբար պայքարել ու կյանքն է տվել նրանց հետ միասին նաև Անդրանիկ Զոհրաբյանը:
«Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու Հարություն Բադալյանը հակառակորդին դիմակայել է վիրավորելուց հետո էլ։ Իր քաջությամբ կարողացել է կանխել հակառակորդի առաջխաղացումը: Վիրավոր ոտքով 7 րոպեում երեք ադրբեջանցի է ոչնչացրել, ինչից հետո հակառակորդի յոթ հոգանոց խումբը վախեցել է ու փախել: Ստացած վերքերից այժմ ապաքինվում է ու թեև ծառայությունը կավարտի երկու ամսից, սակայն սպասում է կազդուրման, որպեսզի նորից գնա դիրքեր՝ իր ընկերների հետ հայրենիքը պաշտպանելու։
Հարությունի հետ պայքարող խմբում է եղել 19-ամյա Արթուր Աղասյանը։ Նա եւս իր սխրագործության համար պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի ավագ Արթուր Աղասյանի կողմից, կազմակերպված քայլերի շնորհիվ ծանր մարտի արդյունքում հակառակորդի հատուկ ջոկատայինները ջախջախվելով փախել են դիրքից:
Հատուկ ուշադրության է արժանի նաև նռնականետով հակառակորդի ուղղաթիռ խոցած զինծառայող Նարեկ Մալխասյանը, ով իր քաջության համար արժանացսլ է 3 մեդալի: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը նա արթնացել է ուղղաթիռի աղմուկից ու արել աներևակայելին՝ հակատանկայինով ուղղաթիռ է խոցել:
Հերոսների թիվը շատ է, նրանք ավելի խիզախ են քան կարելի էր պատկերացնել, Զովածների համար ցավում ենք ու հպարտանում, ողջ մնացածներին անվերջ լսում:




