
Թուրքական բանակում 22 տարում գրանցվել է պարտադիր զինծառայողների կասկածելի պայմաններում մահվան 2.220 դեպք, հայտնում է Ermenihaber- ը՝ վկայակոչելով քրդական «Özgür gündem» թերթը։
Ըստ թերթի՝ պարտադիր զինծառայության ընթացքում կասկածելի պայմաններում մահացած զինվորների 80 տոկոսը քրդեր, հայեր և ալևիներ են, որոնք բանակում լուրջ ճնշումների են ենթարկվում: Զինվորների կասկածելի մահվան դեպքերով և տուժածների իրավունքների խնդիրներով զբաղվող կազմակերպության փոխնախագահ Ռըզա Դողանի խոսքով՝ միայն 2015թ. հուլիսից մինչ օրս գրանցվել է զինվորի մահվան 8 դեպք, որոնք ենթադրաբար ինքնասպանություն են գործել:
Մահացած զինվորների ընտանիքները տարիներ շարունակ իրավական պայքար են մղում՝ իրենց զավակների մահվան հանգամանքների և մեղավորների բացահայտման պահանջով: Նրանք վստահ են, որ իրենց զավակները գիտակցաբար մահվան են ուղարկվել կամ կանխամտածված սպանվել են:




