

Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, Հեռուստատեսային արվեստների և գիտության ամերիկյան ազգային ակադեմիայի «ԷՄՄ» մրցանակի դափնեկիր Բորիս Հայրապետյանն այս օրերին Հայաստանում է Ալբեր Քամյուի ստեղծագործությունների հիման վրա ֆիլմի նկարահանումների նպատակով: Նշենք, որ Բորիս Հայրապետյանը նաև «Նորմա» ֆիլմ-օպերայի սցենարիստն է, ռեժիսոր և բեմադրող նկարիչն է նաև օրերս Երևանի օպերային թատրոնում ներկայացված Բելլինիի «Նորմա» օպերայի, որի վերաբերյալ նա այսօր ուշագրավ հայտարարություն է արել։ «Սա ոչ թե վատ գործ է, այլ խայտառակություն»՝ ասել է։ Բորիս Հայրապետյանը մշակույթի նախարարին հորդորում է հանել խաղացանկից իր իսկ բեմադրած և հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացած «Նորմա» օպերան:
Երևանյան «Նորմա» օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի երազանքն էր, որը ցավոք բեմ բարձրացավ միայն նրա մահվանից հետո։ «Նորմայի» պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 4-ին, ինչպես նաև մայիսի 2-ին:
«Սա ոչ թե վատ ներկայացում է, այլ՝ խայտառակություն». որքան էլ զարմանալի է, գնահատականի հեղինակը ոչ հանդիսատեսն է, ոչ արվեստի քննադատ, այլ նույն ներկայացման՝ «Նորմայի» բեմադրիչ Բորիս Հայրապետյանը: Պրեմիերայից հետո, հայտնաբերելով տեխնիկական ու ստեղծագործական մի շարք թերություններ, բեմադրիչ Բորիս Հայրապետյանը մշակույթի նախարարին հորդորում է հանել «Նորման» խաղացանկից։
Ինչո՞ւ է ներկայացման բեմադրիչը պրեմիերայից հետո միայն խոսում նման թերությունների մասին, «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան Բորիս Հայրապետյանից սպառիչ որևէ մեկնաբանություն չհաջողվեց ստանալ: Ստեղծված իրավիճակում փոքր- ինչ հստակություն մտցնելու նպատակով մենք զրուցեցինք նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Կարեն Շահինյանի հետ։ Նա նշում է, որ իր այս քննադատական քայլով Բորիս Հայրապետյանը ցանկանում է, որ իրեն ճանաչեն։
Նկատենք, որ ներկայացման թերությունները շտկելու մասին խոսք չկա. Բորիս Հայրապետյանի համոզմամբ՝ «Նորման» խայտառակություն է, որն ընդհանրապես պետք է դուրս գա թատրոնի խաղացանկից:




