Վերլուծական

Հայկական կողմի «ոսկե փամփուշտ»-ը.ժամանա՞կն է արդյոք գործի դնել այն

karenghazaryan
Արդյո՞ք այսօր ժամանակն է ԼՂՀ անկախությունը ճանաչելու: Այս հարցի շուրջ այսօր բանավիճել են ԱԺ հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ու ԱԱԾ նախկին տնօրենի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Մկրտիչ Միանասյանի խոսքով՝ այսօր հարցն այն է, թե ճանաչելով հնարավորություն կլինի՞ բանակցությունները շարունակելու, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այսօր դեռեւս ժամանակը չէ, որ մենք միանշանակ ընդգծենք՝ աշխարհին ասենք, որ մենք այլեւս անելիք չունենք եւ բանակցությունները մի կողմ ենք դնում ու ճանաչում Արցախի անկախությունը՝ նշել է հանրապետական պատգամավորը: Գուրգեն Եզիազարյանի կարծիքով, սակայն, հենց այսօր է ճիշտ այն ժամանակը, երբ պետք է Արցախի անկախությունը ճանաչել, քանի որ դրա համար հենց Ադրբեջանն է տվել հարմար առիթ՝ սանձազերծելով պատերազմ Արցախի խաղաղ բնակչության դեմ: Թեմային այսօր անդրադարձել է նաեւ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա՝ Արցախի ճանաչումը հայկական կողմի «ոսկե փամփուշտ»-ն է, որի հետեւանքները լավ պիտի հաշվի առնի հենց Ադրբեջանը:

 

 

Արցախի խնդիրը համայն հայության խնդիրն է եւ տարիների ընթացքում, կամա թե ակամա, որոշակի քայլեր ձեռնարկելով հասնելու ենք նրան, որ, վերջին հաշվով, աշխարհն իսկապես ճանաչի հայոց երկրորդ պետությունը՝ ասաց հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրա կարծիքով, սակայն, այսօր դեռեւս դրա ժամանակը չէ. «Հուսով եմ, որ գործընթացները եւ մեր ոխերիմ հարեւաններն իրենց քայլերով աշխարհին «կհամոզեն» եւ մեկ անգամ եւս աշխարհը կհամոզվի, որ, իսկապես, Ադրբեջանի կազմում երբեւիցե անհնար է պատկերացնել մեկ այլ պետություն կամ ժողովուրդ»:

Գուրգեն Եղիազարյանը ճանաչման հարցը երկու տեսանկյունով է դիտարկում՝ աշխարհի եւ մեր: Նա համակարծիք է, որ Արցախը ճանաչելու դեպքում դիվանագետները վատ վիճակի մեջ կընկնեն, քանի որ մինչ այդ բոլոր փաստաթղթերը հիմնված են բոլորովին այլ դրույթների վրա:

«Ընդունելով Արցախի անկախությունը՝ մենք թույլ ենք տալիս, որ Ադրբեջանի տարբեր սրիկաներ, դիվանագիտական կորպուսներ աշխատեն մեր դեմ: Բայց կա երկրորդ կողմը՝ մենք: Իմ կարծիքով՝ այսօր պահն է դա անելու, որովհետեւ Ադրբեջանը անցավ ռուբիկոնը՝ հարձակվեց խաղաղ բնակչության վրա՝ միջազգային նորմերը մի կողմ շպրտելով: Այս պարագայում, իմ կարծիքով, պահն է ու եթե կորցրեցինք, ապա հետո դժվար է լինելու Արցախի անկախությունը ընդունելը»:

Ճանաչելով այսօր՝ մենք ճանապարհ կբացենք նաեւ մնացած երկրների համար՝ կարծիք հայտնեց Գուրգեն Եղիազարյանը: Ըստ նրա՝ դա նաեւ չի նշանակում, թե մենք «խաչ ենք քաշում» բանակցությունների վրա: Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա, Գուրգեն Եղիազարյանի ձեւակերպմամբ, նա միշտ գործել է երկակի ստանդարտներով. Օրինակները շատ են:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ ի տարբերություն նախկինում եղած ճանաչման նախաձեռնությունների, այս անգամ կառավարությունը հավանություն տվեց նախաձեռնությանը, քանի որ փոխվել է քաղաքական իրավիճակ՝ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների պատճառով: Ճանաչումը կլինի այն գինը, որը Ադրբեջանը պիտի վճարի, եթե սկսի լայնամասշտաբ պատերազմ: Սա նաեւ ակնարկ է ուղղված միջազգային հանրությանը, որ Հայաստանն այս անգամ բավականին լուրջ է տրամադրված՝ ասաց քաղաքագետը: Ըստ նրա, սակայն.

«Ճանաչման հարցը դեռ շարունակում է մնալ, կարելի է ասել, այն «ոսկե փամփուշտը», որը կօգտագործվի միայն այն դեպքում, եթե հետագա ռազմաքաղաքական զարգացումներն արդեն կընդունեն այլ բնույթ»:

Քաղաքագետը նաեւ կարծում է, որ հակառակորդը պիտի հաշվի առնի, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու դեպքում, բացի կոնկրետ ռազմական, մարդկային ու նյութական հնարավոր կորուստներից, ունենալու է նաեւ քաղաքական կորուստներ՝ Արցախի ճանաչումը: Քաղաքագետի գնահատմամբ՝ այդ դեպքում, ռազմական գործողությունները, վաղ թե ուշ, կավարտվեն, մինչդեռ, քաղաքական իրավիճակը կլինի այլ: Կարծում եմ, այդ հանգամանքը եւս Բաքվում պիտի շատ հստակ գնահատեն ու հասկանան՝ եզրափակեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Կարդացեք նաև

Back to top button