Քաղաքական

Շ. Քոչարյան. Ադրբեջանը խրախուսում է ահաբեկչությունն ու մարդկության դեմ հանցագործությունները

Պաշտպանության բանակի զինծառայող Քյարամ Սլոյանի անդամահատված գլուխը ցուցադրող լուսանկարներում պատկերված ադրբեջանցի զինծառայողի պարգեւատրումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պետական մակարդակով խրախուսում է ահաբեկչության եւ մարդկության դեմ հանցագործությունների քաղաքականությունը, «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

«Նման հանցագործության խրախուսումն ամենաբարձր պետական մակարդակով Ադրբեջանի համար նորություն չէ. Բուդապեշտում քնած վիճակում հային կացնահարելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովը, 2012թ.-ին Բաքու արտահանձնվելուն պես, Ադրբեջանի նախագահի կողմից անմիջապես ազատվեց պատիժը կրելուց, պարգևատրվեց և հերոսացվեց:

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ս.թ. ապրիլին սանձազերծված ագրեսիայի ընթացքում դպրոցների նպատակային հրետանակոծումը, ինչի արդյունքում զոհվել և վիրավորվել են երեխաներ, տարեց անձանց կտտանքների և խոշտանգումների միջոցով տանջամահ անելը, ԼՂ գերեվարված զինծառայողների դիակների խեղումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը որդեգրել է պետական մակարդակով խրախուսվող և ուղղորդվող ահաբեկչության և մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու քաղաքականություն:

Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը պայքարում է ահաբեկչական կազմավորումների բարբարոսական գործողությունների դեմ, այդ նույն անմարդկային ձեռագրով գործում է միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունը՝ Ադրբեջանը»,- ասել է Շավարշ Քոչարյանը։

Կարդացեք նաև

Back to top button