Վերլուծական

Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը.դեսպան

karenghazaryan
«Մոդուս վիվենդի» կազմակերպության ղեկավար Արա Պապյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ ապրիլյան պատերազմական գործողությունները ցույց տվեցին, որ Ղարաբաղի հարցը բանակցային լուծում չունի՝ առաջին հերթին Ադրբեջանի չափազանց կոշտ եւ ոչ զիջող դիրքորոշման պատճառով: Ըստ նրա Ադրբեջանը դրել է հայոց պետականությունը հյուծելու միջոցով կործանելու խնդիրը: Հետեւաբար՝ մենք էլ պիտի իրականացնենք նմանօրինակ քաղաքականություն՝ օգտագործելով նաեւ այն բոլոր ներքին խնդիրները, որոնք կան Ադրբեջանի ներսում, օրինակ, էթնիկ-կրոնական հակասությունները: Մեր պարագայում էլ, Արա Պապյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները պիտի իրականացնեն երկիրն արմատապես վերափոխելու քաղաքականություն, որը կնպաստի տնտեսության զարգացմանը: Վերլուծաբանն անդրադարձել է նաեւ Ղարաբաղի ճանաչման խնդիրն:

 

Զինադադարը դեռեւս խաղաղություն չէ, հետեւաբար՝ պատերազմի օրենքներ պիտի գործեն՝ կարծիք հայտնեց Արա Պապյանը: Ըստ նրա՝ պիտի մտածել նաեւ անվտանգության նոր հնարավորությունների ստեղծման մասին՝ քաղաքական եւ ռազմական առումով՝ ավելի խորացնելով հարաբերությունները արեւմուտքի հետ, որտեղից, մասնավորապես Միացյալ Նահանգներից, եղավ բավականին կարեւոր հայտարարություն մեզ համար: Վերլուծաբանի գնահատմամբ, եթե, օրինակ, ներդրվեն վերահսկման մեխանիզմներ, ապա դա էապես կզսպի Ադրբեջանին:

«Այսինքն, գոնե մենք կկարողանանք ակնկալել հասցեական հայտարարություններ եւ մեղադրանքներ եւ ոչ թե ամեն անգամ լղոզված, անորոշ բաներ»:

Արա Պապյանը նկատեց, որ հիմա ակնհայտորեն հայ ժողովրդի մեծ մասը եւ ԼՂՀ իշխանությունները կտրուկ դեմ են ի սկզբանե բանակցությունների հիմքում դրած «տարածքներ խաղաղության կամ կարգավիճակի դիմաց» սկզբունքին: Վերլուծաբանը կարծում է, որ այդ տրամաբանությունը, բանակցություների ամբողջ փիլիսոփայությունը պիտի փոխվի:

Վերլուծաբան Արա Պապյանն այսօր նաեւ շեշտեց, թե՝  սխալ է մեզ թվում, որ այդ ամենի մասին գիտեն բոլորը, հետեւաբար, նրա ձեւակերպմամբ, այդ մասին պիտի խոսվի, որ Եվրոպայում եւ Արեւմուտքում իմանան եւ աստիճանաբար փոխվի բուն տրամաբանությունը:

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նույնպես կարծում է, որ եւ Մադրիդյան սկզբունքները, ե՛ւ նրանից բխող կազանյան փաստաթղթը ապրիլից հետո ստեղծված իրադության մեջ, նաեւ՝ այն աշխարհաքաղաքական իրավիճակում, որ ձեւավորված է տարածաշրջանում, ընդունելի չէ:

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարծում է, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանը պետք է ճանաչվի Ղարաբաղը:

Արման Նավասարդյանի գնահատմամբ՝ եթե այսօր Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ապա, այսօրվա իրողությունների մեջ, կլինեն նաեւ այլ երկրներ, որոնք նույնպես կճանաչեն ու դա կլինի գործընթացի սկիզբը: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի դիտարկմամբ՝ ճանաչումը զսպմամբ գործիքներից մեկն է եւ այն անխուսափելի կլինի, եթե Ադրբեջանը գնա իրապես լայնամասշտաբ պատերազմի:

Վերլուծաբան Արա Պապյանի կարծիքով, սակայն, բոլոր տեսանկյուններից Ղարաբաղի միացումը Հայաստանին շատ ավելի ճիշտ է, հեշտ ու աշխարհի համար շատ ավելի ընդունելի կլինի, քան Ղարաբաղի անկախության ճանաչումը:

Կարդացեք նաև

Back to top button