
«Հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը, որի շրջանակներում Ադրբեջանը նախեւառաջ ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները եւ բանակցություններ է սկսելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանների հստակեցման շուրջ»,- հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմարդ Մամեդյարովի այսօր մամուլի ասուլիսում արած հայտարարությունը։
Մամեդյարովը վստահեցրել էր, թե Ադրբեջանը դուրս չի եկել բանակցություններից, և Բաքուն կողմ է խաղաղ բանակցային գործընթացին: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվ դերին՝ Ադրբեջանի արտգործնախարարը ասել էր, որ դա նման է այսբերգի. միայն գագաթն է երևում, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ կա ջրի տակ:
«Ռուսաստանի առաջարկները հետաքրքրիր են նաև մեզ համար: Մեզ առաջարկում են հակամարտության փուլային կարգավորում»,- ասել էր Մամեդյարովը։




