
Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ արդեն նկատելի քայլեր նշմարվում են: Մի շարք պետություններ ճանաչել են Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարասկզբին իրականացրածը, սակայն արդեն ժամանակն է, որ ճանաչումից զատ պահանջենք նաև հատուցում։ Դրանով պետք է զբաղվեն իրավաբանները, կարծում է ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը։ Նրա հետ համաձայն է նաեւ քաղաքագետ Արա Պապյանը: Վերջինս նաև նախորդ տարի հրապարակված «Արդարացի լուծում- հատուցումներ Հայոց ցեղասպանության դիմաց» զեկույցի համահեղինակներից է, ով ուսումնսիրել է հարցի իրավական մասը, թե Հայաստանն ի՞նչ իրավունքներ ունի պատմական տարածքների նկատմամբ:
Հայոց ցեղասպանության իրողությունը հաստատող բազում պատմագիտական ուսումնասիրություններ, ականատեսների վկայությունների հիման վրա տպագրված գրքեր ու ցեղասպանագիտական կոնֆերանսներ են անցկացվել ու շարունակում կազմակերպվել: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին իրականացված ոճիրը ճանաչելուն ուղղված քաղաքական ակցիաներին, լոբբիստական աշխատանքներին զուգընթաց, ըստ կառույցի տնօրեն Հայկ Դեմոյանի, կատարում է նաև ակադեմիական աշխատանքներ:
Միջազգային ճանաչման համար պատմագիտական հետազոտությունների մեծ նյութ է հավաքվել՝ նշում է Մեծ եղեռնի ապացուցված փաստերով արդեն 60 տարի զբաղվող բանահավաք, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը: Երկարամյա աշխատանքի արդյունքները տեսանելի են: Հայոց ցեղասպանության ճանաչումը կարծես թե ձեռք ենք բերել, շատ երկրներ են ընդունել ու շարունակում են ճանաչել ցեղասպանության իրողությունը՝ ասում է ու հավելում՝ պետք չէ բավարավել միայն ճանաչմամբ, պետք է լինել նաև պահանջատեր: Կորցրած երկրի պահանջ ունենք, և ուսումնասիրությունները նոր հարթություն պետք է տեղափոխել: Գործողությունների հաջորդ քայլը իրավաբաններինն է, ասում է ցեղասպանագետը:
«Հիմա պետք է արդեն իրավաբանական մարակարդակով ուսումնասիրվեն այս բոլոր նյութերը, որոնք հավաքվել, կուտակվել են և սպասում են իրենց իրավաբանական մեկնաբանությանը»:
Մենք արդեն ունենք հաղթանակած պահանջատիրության մեկ օրինակ՝ Արցախը: Պետք է շարունակել այդ գաղափարախոսությունը, որպեսզի կարողանանք իրականություն դարձնել մեր կորցրածի վերադարձը: Ծովից ծով Հայաստան կորցրած ժողովուրդը լավ է հասկանում տարածք կորցնելու ցավը և ղարաբաղյան հակամարտության շփման գծում տեղի ունեցող ապրիլյան իրադարձությունները ապացուցում են, որ հայ ժողովուրդը նույնիսկ մի թիզ չկորցնելու համար կմարտնչի մինչև վերջին ուժը:
«Պետք է շարունակել նույն ոգով, որպեսզի կարողանանք հաղթահարել նաև պատմական այս խնդիրը, այս քառօրյա պատերազմը, որը ցույց տվեց աշխարհին , որ հայ ժողովուրդը պատրաստ է մեկ բռունցք դառնալ և պայքարել իր տարրական իրավունքների՝ ապրելու և հայրենի հողը պահելու իրավունքի համար»:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ է կարծում, որ ճանաչումն ինքնին չի կարող բերել հատուցման: Ճանաչումը ցույց է տալիս, որ այդ կորուստները հանցագործության հետևանքով են եղել: Հայ հեղափոխական դաշնակցության նախաձեռնությամբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին լույս տեսավ «Արդարացի լուծում- հատուցումներ Հայոց ցեղասպանության դիմաց» խորագրով զեկույցը: Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խմբի անդամներն են Հենրի Թերիոն, Ալֆրեդ դե Զայասը, Զերմեյն Մաքքալփինը եւ Արա Պապյանը: Զեկույցում ուսումնսիրվող թեմաները տարբեր են: Արա Պապյանն ուսումնասիրել է հարցի իրավական հիմքերը, որով Հայաստանը տարածքների նկատմամբ իրավունքներ ունի: Զեկույցի բուն նպատակն է հատուցումը՝ ասում է ու հավելում՝ անհատների հատուցում և ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնում:
«Այնտեղ հիմքը հետևյալն է, որ 1920 թվականի նոյեմբերի 22-ին հիմք ընդունելով Փարիզի վեհաժողովի հայցը, որը ստորագրված է Մեծ Բրիտանիայի, ֆրանսիայի, Իտալիայի կողմից, բայց արտահայտում էր ամբողջ համաժողովի կարծիքը, Վուդրո Վիլսոնը կայացրել է իրավարար վճիռ, որով ՀՀ –ին է հատկացվել Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Տրապիզոնի և Տրապիզոնի նահանգների զգալի մասը: Վճիռն այդ օրը մտել է ուժի մեջ։ Առ այսօր այն ուժի մեջ է, բայց չի իրականացվում, ինչը սակայն չի նշանակում, որ անվավեր է»:
«Ռադիոլուրի» հետ զրույցում Արա Պապյանը նշեց, որ խնդրի լուծման ճանապարհը տեսնում են և անհրաժեշտ է պետական աջակցություն: Միջազգային դատարանում վերահաստատվելուց հետո՝ կդառնա պարտադիր փաստաթուղթ և մտցնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ կստիպեն Թուրքիային այն կատարել ամբողջությամբ կամ մասամբ: Իսկ այս կառույցին հնարավոր է պարտադրել միայն դատական վճռով՝ ասում է Պապյանը: Հարցիս արդյո՞ք դրական լուծումից հետո երկու ազգերի համատեղ կեցությունը հնարավոր է, զրուցակիցս նշեց, որ այստեղ միայն ապրելու խնդիրը չէ: Հայաստանը եթե ունենա ազատ, անվճար տարանցիկ իրավունք, ունենա կապիտալ ներդրումների, բիզնես ծավալելու իրավունք, Հայաստանի տնտեսության զարգացման և անվտանգության հաստատման համար լավագույն հիմքերը կապահովվեն:




