Մշակույթ

«Գրեմմի» մրցանակակիր Էստոնիայի ազգային արական երգչախումբը կերգի հայերեն

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը ապրիլի 23-ին և 25-ին ներկայացնում է 2016թ.-ի առաջին համերգները։ Կրկին Հայաստանում է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը` Էստոնիայի ազգային արական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Միկ Ուլեոյա։

Գրեմմի և այլ բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացած այս երգչախումբը մեծագույն սեր և նվիրում է դրսևորել հայ երաժշտության և ժողովրդի հանդեպ։ Մշտապես համերգային ծրագրերում ընդգրկելով մեծն Կոմիտասի և այլ հայ հոգևոր հեղինակների գլուխգործոցները` նրանք շարունակաբար աշխարհի տարբեր ծայրերում տարածել են հայ հոգևոր երաժշտությունը:

Երգչախումբը ապրիլի 23-ին ելույթ է ունեցել Վանաձոր քաղաքի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգային դահլիճում։ Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Երևանում երգչախումբը հանդես կգա ապրիլի 25-ին  ժամը՝ 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում՝ ծրագրում կատարելով Մարտ Սաարի, Ալեքսանդր Լաատեի, Կոնստանտին Տուուրնպուի, Մարտ Սաարի, Գեյվին Բրայարսի, Հենրիկ Օդեգաարդի, Ջովաննի Բոնատոյի, Գալինա Գրիգորևայի և Կոմիտասի ստեղծագործությունները։

Հիշեցնենք, որ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Կարդացեք նաև

Back to top button