ԿարևորՀասարակությունՑեղասպանություն 100

«Ավրորա» մարդասիրական մրցանակակիրը՝ 30. 000 երեխայի կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեն է

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը հայտարարեց հաղթողի անունը: Ըստ այդմ՝ մարդասիրական առաջին մրցանակը շնորհվեց Մարգարիտ Բարանկիցեին:

Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիից ընդունելով «Ավրորա» մրցանակը՝ Մարգարիտ Բարանկիցեն ասաց. «Մեր արժեքները մարդկային արժեքներն են: Երբ դուք ունեք կարեկցանք, արժանապատվություն ու սեր, ապա ոչինչ չի կարող վախեցնել ձեզ, ոչինչ եւ ոչ ոք չի կարող կանգնեցնել ձեզ: Որեւէ բան չի կարող հաղթել սիրուն՝ ոչ բանակները, ոչ ատելությունը, ոչ հետապնդումները, ոչ սովը. ոչինչ»

Մարգարիտ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը և REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարևաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականտեսը դարձնելով նաև Բարանկիցեին։

Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին և երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30.000 երեխայի և 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

Մրցանակից զատ Մարգարիտը  ստացավ 100.000 ԱՄՆ դոլարի պարգև,  ինչպես նաև՝ ևս  1.000.000 ԱՄՆ դոլար, որն ուղղելու է  մարդասիրական կազմակերպություններին։

Բարանկիցեից բացի մրցանակի թեկնածուներն էին բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա  Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից եւ հայր Բեռնար Կինվին՝  Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից։

Այս թեկնածուներն ընտրվել են 26 երկրների 168 առաջադրված թեկնածուներից։

Իսկ մինչ այս Լրագրողների միջազգային կենտրոնը եւ «Ավրորա» մրցանակի հիմնադիր «100 կյանք» նախաձեռնությունը հանձնեցին նաեւ «Սկզբունքային լրագրության» առաջին մրցանակը։ Այն հանձնվեց  New York Times օրաթերթի օտարերկրյա թղթակից Ռուկմինի Կալիմակիին։ Նա մասնակավորապես բարձրաձայնել է «Իսլամական պետության» կողմից սեռական ստրկությունը ինստիտուցիոնալ մակարդակի հասցնելու մասին։

Մրցանակաբաշխության արարողության ժամանակ հնչել է նաեւ  Արամ Խաչատրյանի Զանգերի սիմֆոնիայից հատված, որի ընթացքում ցուցադրվել են ապրիլի սկզբին ադրբեջանական քառօրյա ագրեսիայի ժամանակ զոհված հայորդիների լուսանկարները։

Հիշեցնենք, որ «Ավրորա»-ն հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները: Մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:

«Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանում։

Կարդացեք նաև

Back to top button