Քաղաքական

Էրդողանը ցավակցում է եւ կշարունակի «պահպանել օսմանահպատակ հայերի հիշողությունները»

Պոլսի հայոց պատրիարքարանում այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն է տեղի ունենում: Իսկ մինչ այդ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ կրկին ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքարանին, հայտնում է Ermenihaber- ը։

«Ողջունում ու ցավակցում եմ մեր այն քաղաքացիներին, որոնք այսօր հավաքվել են Պոլսի հայոց պատրաիքարանի հարկի տակ՝հարգանքի տուրք մատուցելու առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ողբերգական պայմաններում զոհված օսմանցի հայերի հիշատակին:

Ողջունում եմ այս արարողությունը, որը կրկին տեղի է ունենում Թուրքիայում, քանզի սա ամենաիմաստալից վայրն է օսմանցի հայերի վիշտը կիսելու և նրանց հիշատակը ոգեկոչելու համար: Անատոլիայի հողերում, որտեղ մարդասիրական պարտականությունները երբեք չեն անտեսվում, իսկ ցավն ու ուրախությունը անկեղծորեն կիսվում են, արդարության և խղճի զգացումը վեր է դասվում ամեն ինչից:

Փոխըմբռնման, ինչպես նաև մարդասիրական և պատմական տեսլականի համաձայն մենք կշարունակենք պահպանել օսմանահպատակ հայերի հիշողությունները: Միշտ կհիշեցնենք ու կհիշենք հայերի և թուրքերի համատեղ ապրելու մշակույթը, որը մոտ 1000 տարվա պատմություն ունի: Երբեք չենք դադարի գործել հանուն խաղաղության ու բարեկամության՝ ընդդեմ բոլոր նրանց, ովքեր փորձում են թշնամական հռետորաբանությամբ պատմությունը քաղաքականացնել և ջանում են օտարել ընդհանուր պատմությամբ ու ավանդույթներով փոխկապակցված երկու հարևան ժողովուրդներին:

Մեկ անգամ ևս հիշատակում եմ այն օսմանցի հայերին, ովքեր կյանքից հեռացել են, և հղում եմ իմ ցավակցությունը նրանց թոռներին ու ծոռներին: Անկախ նրանց էթնիկ և կրոնական ծագումից՝ ես նաև հարգում եմ բոլոր այն օսմանյան քաղաքացիների հիշատակը, որոնք կյանքից հեռացել են նույն այդ ժամանակաշրջանում: Կցանկանայի կրկնել, որ մենք կիսում ենք այդ ընդհանուր ցավը: Ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հայ քաղաքացիներին, ովքեր իրենց ներդրում են ունեցել մեր երկրի կյանքում ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Կարդացեք նաև

Back to top button