

Մալաքե Թաուս. այսպես են անվանում եզդիներն իրնեց Նոր տարին, որը տոնվում է ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը: Ինչու՞ ոչ դեկտեմբերի 31-ին, և ինչու՞ հենց առաջին բարեմաղթանքը հանգուցյալներին, ի՞նչ են մաղթում միմյանց Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները, ի՞նչ ուտեստներ են համտեսում և ի՞նչ երգեր լսում: Հարցեր, որոնց պատասխաները լսել ու ամբողջացրել է «Ռադիոլուրը»
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայսատանում այսօր ապրում է շուրջ 60 հազար եզդի և Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունն է՝ ասորիների ու քրդերի հետ միասին: Հայաստանում եզդիները նշում են 4 տոն՝ Շամսի արևի, Եզիդի նախահոր, Մալաքե Թաուս ի՝ գլխավոր հրեշտակապետի և Խդր նավի սիրահարների:
Ապրիլի 13-ին, ըստ եզդիական օրացույցի, ավարտվում է աշխարհաստեղծումը ու հենց այդ օրն էլ համարելով տարեսկիզբ՝ Չարշամա Սըրսալե, առաջին չորեքշաբթի օրը նշում Նոր տարին: Ի դեպ, Սարսալը հինավուրց տոն է, որը սկիզբ է առնում Միջագետքի հնագույն պաշտամունքներից, որոնց տարրերը մինչև այժմ պահպանվել են բազմաթիվ ժողովուրդների մոտ:
Այս տոնը հայտնի է այլ անվանումներով։ Վերջերս ավելի հաճախ գործածվում են Չարշամա Սոր, որը եզդիերենից թարգմանվում է որպես Կարմիր Չորեքշաբթի կամ Մալաքե Թաուս՝ հրեշտակ Թաուս անվանումները: Պետք է նշել, որ իրենք՝ եզդիները, նույնպես այս տոնը նույնացրել են կարմիր գույնի հետ:
Տոնի մասին «Ռադիոլուրին» մանրամասներ է պատմել Հանրային ռադիոյի եզդիերեն ռադիոհաղորդումների ավագ խմբագիր, վաստակավոր լրագրող Հասան Թամոյանը: «Ապրիլ ամիսը 12 ամսվա հարսն է: Ամենագեղեցիկ ամիսն է: Այդ ամսվա առաջին չորեքշաբթին որոշ գործողություններ մեզ համար արգելված են, պետք է բնակությանը վայրը չփոխել, հարսանիքներ չանել, հող չփորել: Աղջիկները առավոտյան գնում են դաշտ ծաղիկներ են բերում և զարդարում դռներն ու լուսամուտները»։
Իսկ ի՞նչ ուտեստներ են այսօր պատրաստում։ Հասան Թամոյանը նշեց, որ հիմնականում ավանդական ուտեստներից պատրաստվում է խաշլաման, սաջի խորովածը` գառի մսով, բրնձով ու չամիչով փլավը և ներկած հավկիթներ, որոնք իրենց խորհուրդն ու նշանակությունն ունեն: Իսկ ինչու՞ ձու, քանի որ, ըստ եզդիական հավատալիքի, հավկիթը երկրագնդի փոքր օրինակն է:
«Մասնավորապես կանաչ, կարմիր, դեղին, սպիտակ: Ամեն մի գույն ունի իր խորհուրդը: Կարմիրը կյանքն է բնորոշում, կանաչը՝ բնություն, դեղինը՝ արևի գույնն է, որ մենք եզդիներս կանգնում ենք դեպի արևն ու արևելքը և աղոթում, և սպիտակը՝ եզդիականության կամ Շարֆադինի խորհուրդն է: Երեխանները կռվացնում են հավկիթները, և կեղևը տանում են տարածում այգիներում հավատալով, որ այն կբերի բարիք»:
Շարունակելով ներկայացնել եզդիական տարեգլխի ավանդույթները՝ Ռադիոլուրի զրուցակիցը նշեց, որ հատուկ այդ օրվա համար թխում են գաթա՝ <Կոլոճ>, և մեջը ուլունք կամ մետաղադրամ են դնում, ու տան տղամարդը բաժանում է այն տան անդամներին։ Ում բաժին է ընկնում ուլունքով մասնաբաժինը, նրա անձի հետ էլ կապվում է տարվա հաջողությունը:
Հասան Թամոյանի ընտանիքում արդեն Կոլոճը բաժանվել է և հաջողության ուլունքն էլ բաժին է հասել թոռնուհուն: «Այո, այս անգամ բաժին հաասվ թոռնուհուս, իհարկե, թոռնիկս մի քիչ սրտնեղեց: Ընտանիքի անդամներից բաժին ենք տալիս այն անդամներին, ովքեր հասկանում են՝ ի՞նչն է բարին, և չարը»:
Եզդիներն Մալաքե Թաուս տոնին այցելում եմ գերեզմանատուն և հարգանաքի տուրք մատուցում ննջեցյալներին, քանի որ հավատում են, որ հոգին հավիտենական է և պետք է շնորհավորել նրանց նույնպես: Անդրադառնալով համայնքի կյանքին՝ Հասան Թամոյանը ուրախությամբ նշեց, որ Հայաստանում բանակվող եզդիներն այսօր միակն են աշխարհում, որ ՀՀ նախագահի մակարդակով արժանանում եմ ուշադրության, ունեն սեփական գրականություն և Հանրային ռադիոյով տարիներ շարունակ եթեր է հեռարձակվում եզդիերեն հաղորդում։
«Հայաստանը միակ երկիրն է, որտեղ մենք հնարավորություն ունենք մեր ազգային նկարագիրը պահպանել, ինչպես նաև զարգացնել մեր լեզուն և այլը: Սրանք լոկ խոսքեր չեն՝ աշխարհի միակ երկիրն է որտեղ ունենք դպրոցական դասագրքեր մայրենի լեզվով: Ռադիոծրագիրն արդեն 26 տարի եթեր է հեռարձակվում, կրկին աննախադեպ է, քանի որ աշխարհում չկա նման ծրագիր, որը կոչվում է «Էզդիկի»:




