
Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել ղաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար, այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի աշխատանքը, որպես միջազգային միջնորդի, ղարաբաղյան հարցում ոչ մի դեպքում չի դադարեցվում հրադադարի ռեժիմի վերադառնալու մասին կողմերի որոշումից հետո: Ռուսաստանի արտգործնախարարությունը գլխավոր խնդիր համարում է ետ մղված գործընթացը նախկին դիրքերին վերադարձնելը»,- ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ այժմ բավականին բարդ կլինի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար մթնոլորտ ստեղծել:
Նրա խոսքով նման վայրիվերումներից, արյունալի ողբերգություններից հետո դա բավականին բարդ է անել, և որոշում պետք է ընդունեն հակամարտող կողմերը, իսկ Ռուսաստանը որպես միջնորդ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պարտավոր է աջակցել կողմերին լուծում գտնել:
Զախարովայի խոսքով, ամբողջ աշխատանքն այժմ իրականացվում է հակամարտության կարգավորման գործնական արդյունքների ձեռքբերման ուղղությամբ, թեև դրանց հասնելը դյուրին չէ: «Իհարկե, այժմ ընթացող բանակցությունները կոնկրետ քայլերի շուրջ է, որոնք կարելի էր ձեռնարկել: Երկու կողմերից էլ կան բազմաթիվ փոխադարձ մեղադրանքներ, խնդրահարույց հարցեր, որոնք շատ բարդ է կարգավորել: Այդ նպատակով էլ գոյություն ունի միջնորդական առաքելությունը, որպեսզի փոխզիջումներ գտնվեն»,- ասել է Զախարովան:




