
Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները ապրիլի 18-ին մասնակցել են Հայոց ցեղասպանության հարցի ամենամյա քննարկմանը, որը հովանավորում է Կալիֆորնիայի Հայկական օրենսդրական աջակցող խումբը,- հաղորդում է Massis Post –ը:
Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Արցախում ադրբեջանական ապրիլյան ագրեսիային։ Մասնակիցները դատապարտել են խաղաղ բնակչության դեմ հարեւան երկրի իրականացրած բռնությունները։
2016 թվականը Կալիֆորնիայում հայտարարվել է Կ «1915-1923թթ.-ի Հայոց ցեղասպանության 101- րդ տարելիցի տարի»։ Համապատասխան բանաձեւը նահանգի խորհրդարանն ընդունել է միաձայն։ Այն այժմ ներկայացված է նահանգի Սենատի քննարկմանը։
Նահանգային Սենատի նախագահ Քեւին դե Լեոնը նշել է ցեղասպանության ճանաչման կարևորությունը ոչ միայն ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից, այլ Թուրքիայի։ Անկարայի կողմից ժխտողական քաղաքականության դադարեցումը կարող է կանխել նաեւ աշխարհի տարբեր վայրերում ապագա հնարավոր բռնությունները։




