Ցեղասպանություն 100Քաղաքական

Վրաստանում հայ պատգամավորը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

gitaelibekyan


Վրաստանի խորհրդարնի հայազգի պատգամավոր Սամվել  Պետրոսյանը երկրի կառավարությանը կոչ է արել ճանաչել և  դատապարտել  Հայոց Ցեղասպանության փաստը:

Նա նշել է, որ  Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ տեղի ունեցածը մեծ ողբերգություն է հայ ժողովրդի համար:

«Հայոց Ցեղասպանությունը ճանաչել  են բազմաթիվ երկրներ ու  միջազգային կազմակերպություններ: Մենք որպես ժողովրդավարական երկիր, պետք է ճանաչենք այդ փաստը:  Գոնե հենց նրա համար, որ Օսմանյան կայսրությունը օկուպացրել է նաև վրացական հողերը: Վստահ եմ, որ եթե ժամանակին Հայոց Ցեղասպանությունը դատապարտվեր, աշխարհի տարբեր անկյուններում չէին  լինի նմանատիպ ողբերգություններ: Ուզում եմ կոչ անել բոլորին` դատապարտել այս ցեղասպանությունը, այդպիսով   վերականգնել պատմական արդարությունը», -Ս. Պետրոսյանի խոսքերն է մեջբերում  «Грузия Online»-ը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ,  հայտարարությանն  արձագանքել է  իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի անդամ Զվիադ Կվաճանտիրաձեն.

«Բոլորովին վերջերս կրկին փորձ եղավ  Կովկասում վերսկսել  մեծ,  խորքային ու սառած հակամարտությունը: Բարեբախտաբար միջազգային ջանքերի շնորհիվ այս պահին  հակամարտության պոռթկման վտանգ  չկա, սակայն մենք պետք է միշտ հիշենք, որ մեզ շրջապատում են ուժեր, որոնք հետաքրքրված են  Կովկասում մշտապես պատերազմի առկայությամբ ու դրանում Հարավային Կովկասի բոլոր երկրների ներգրավվածությամբ: Ես բոլորին կոչ եմ անում չտրվել սադրանքներին, որոնք կարող են գալ ոչ բարի ցանկություններ  ունեցող հարևանից»,-հայտարարել է Կվաճանտիրաձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանում  Մեծ Եղեռնի հարցն առաջին անգամ չի բարձրացվում: Սակայն ամեն անգամ այն դառնում է թեժ քննարկումների առարկա:  Անցյալ տարի  Ախալքալաքից մեծամասնական կարգով ընտրված  պատգամավոր Սամվել Պետրոսյանի հայտարությունը ընդհատել էր  ընդդիմադիր` «Միացյալ ազգային շարժում» կուսակցության,  Մառնելուից ընտրված ազգությամբ ադրբեջանցի պատգամավոր Ազեր Սուլեյմանովը:

Իսկ  2012 թ. Սուլեյմանը ծեծկռտուք էր սկսել այն բանից հետո, երբ վրացի պատգամավոր Ջոնդի Բագատուրիան գործընկերներին կոչ էր արել  ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:  Նա այդ քայլի համար նույնիսկ իր վրացի գործընկերոջը խորհուրդ էր տվել փոխել ազգանունը` դարձնելով Բագատուրյան:

Back to top button