

«Եթե որեւէ մեկը հայ-ռուսական հարաբերությունները դիտարկում է որպես ամուսնություն, ապա վերջին օրերին Հայաստանի հանդեպ տեղի է ունեցել ընտանեկան բռնություն». ասում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: 5 դաս եւ 5 առաջնահերթ անելիք Հայաստանի համար քաղաքագետն արդեն ձեւակերպել է: Դասեր պետք է քաղի ոչ միայն հակառակողը, այլեւ միջնորդը՝ ի դեմս Ռուսաստանի, իր հերթին կարծում է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ներկայացվելիք նյութում կան նաեւ վերլուծություններ Ռուսաստանից՝ Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի ներկայացմամբ:
Ղարաբաղյան հակամարտության սրման ակտիվ չորսօրյա ֆազան շատ բան է փոխել տարբեր ուղղություններով: Կրակի դադարեցումը չի նշանակում վերադարձ հրադադարին: Վերլուծելով պատերազմի հետեւանքներն ու ստացված դասերը՝ քաղաքագետերն ու վերլուծաբանները նշում են, որ այսօրվա արդիական հարցը ոչ թե՝ կլինի՞ արդյոք Ադրբեջանի կողմից նոր հարձակում, այլ՝ թե երբ կլինի այդ հարձակումը:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն առաջարկում է 5 հիմնական քայլ, որ պետք է արվի այս պահին: Դրանցից մեկը լինել անհանդուրժող եւ պարտադրել բանակցայիյն սեղանին վերադարձնել Արցախը: Այդ առաջարկը արել է նաեւ մի քանի օր առաջ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ հանդիպման ժամանակ:
«Պետք է լինենք շատ ձեռներեց, նորարար եւ որոշ չափով նույնիսկ խիզախ եւ, կարծում եմ, չկա որեւէ պատճառ, որը թույլ չի տա Հայաստանին եւ Ղարաբաղին փոխել իրավիճակը եւ հանդես գալ այլ ֆորմատով: Հայաստանն է եւ միայն Հայաստանն է, որ մեր տարածաշրջանում հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, Հայաստանն է, որ այս տարածաշրջանում ռուսական ռազմաբազա է հյուրընկալում իր տարածքում: Հայաստանի արժեքը Ռուսաստանի համար շատ ավելի է, քան իշխանությունը կարծում է, եւ ընդհակառակը՝ Ռուսաստանի արժեքը Հայաստանի համար շատ ավելի քիչ է, քան իշխանությունը կարծում է»,- ասում է Կիրակոսյանը։
Տարածաշրջանում Ռուսաստանի ուռճացված դերի եւ ազդեցության մասին դատողությունները կիսում է նաեւ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Կարծում է՝ կատարվածից դասեր պետք է քաղի նաեւ Ռուսաստանը: «Եթե Հայաստանը ի վիճակի չլինի պատշաճ մակարդակով ապահովել ԼՂՀ անվտանգությունը, դա ընդհանրապես զրկում է ամբողջ իմաստը հայ-ռուսական ռազմաքաղաքական, ռազմավարական հարաբերությունների: Կորցնելով Հայաստանը՝ նրանք հենց երկրորդ օրը կկորցնեն Ադրբեջանը, որովհետեւ Ադրբեջանը շահագրգռված է եւ ռազմաքաղաքական, եւ տնտեսական, եւ քաղաքական հարաբերությունների մեջ Ռուսաստանի հետ միայն ելնելով հայ-ռուսական հարաբերությունների եւ ղարաբաղի գործոնի տեսանկյունից»։
Վերադառնալով հակամարտող կողմերին՝ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ սրացված պատերազմից հետո ռազմական եւ քաղաքական արդյունքները տարբեր են: Բայց ամենակարեւորն այն է, որ «այս պահին ավելի դժվար է անել այն, ինչը կարելի էր զսպել նախորդ շրջաններում»,- ասում է վերլուծաբանաը՝ հավելելով «ցավոք սրտի՝ ՄԽ չկարողացավ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»:
Որոշակի ազդակներ, սակայն, ՄԽ-ից կան՝ կարծում է վերլուծաբանը՝ խորհուրդ տալով ուշադրություն դարձնել համանախագահների երեւանյան հայտարարություններից մեկին, թե «բանակցությունների որոշ պահին գործընթացին միանալու է նաեւ Ղարաբաղը»: «Արդյո՞ք դա նշանակում է, որ ՄԽ-ն նաեւ ինչ որ չափով պատասխանատվության է ուզում կանչել Ադրբեջանին: Դա մի կողմից պատասխանատվության, մյուս կողմից՝ զսպման միջոց է լինելու Ադրբեջանին, որ եթե ինքը շարունակի իր ագրեսիվ կեցվածքը, ապա այն գինը, որ պետք է վճարի ոչ միայն ռազմական եւ նյութական է լինելու, այլ նաեւ քաղաքական է լինելու»։
Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովի գնահատականով՝ այն, ինչ կա հիմա՝ չավարտված իրավիճակ է: «Տեսել ենք էսկալացիան, բայց կարգավիճակային հարցերը դեռ լուծված չեն, քաղաքական հետեւանքները դեռ տեսանելի չեն»,- ասում է ռուս վերլուծաբանը՝ շեշտելով, որ իրադարձություններից հետո չի ճանաչվել Լեռնային Ղարաբաղը, նույնն է մնացել Մինսկի խմբի ձեւաչափը եւ Մադրիդյան նորացված սկզբունքները դեռ մնում են օրակարգում:
Ըստ ռուս փորձագետի՝ այս պահին կարող ենք արձանագրել միայն հետեւյալը. «Փորձ է արվում փոխել ստատուս-քվոն եւ ընդամենը դեռ շոշափել են, թե ինչ աստիճանի այն կարող է փոխվել»:
Ինչ վերաբերում է դասերին, ապա որոշ հետեւությունները վերաբերում են Հայաստանի ներքին իրավիճակին։ Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի ներկայացմամբ՝ հաշվի առնելով մեր առջեւ կանգնած սպառնալիքը՝ կոռուպցիան ու ժողովրդավարության պակասն ավելի մեծ մարտահրավեր են դառնում։




