

Շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայման, ռազմավարական գործընկերոջ կողմից հակառակորդին զենք վաճառելու, նաև 80-ականների զենքով կռվելու մասին հայտարարություններն այսօր քննարկվել են նաև խորհրդարանում: ԱԺ խմբակցություններն ամփոփել են հերթական քառօրյայի արդյուքները՝ առանց օրակարգային հարցերին անդրադառնալու:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ 80-ականների զենքով կռվելու մասին հանրապետության նախագահի հայտարարությունը պետք է մեկնաբանել հենց այն տրամաբանությամբ, որով հնչել է:
«Փաստը մնում է փաստ, որ կարողանում ենք հաղթել նրանով, ինչով կռվում ենք»:
Այս օրերի ամենամտահոգիչ հարցերից մյուսը, թե Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսատանից զենքը Ադրբեջանին ոչ միայն մատակարարվում, այլ նաև կիրառվում է, ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ իշխանություններին մտահոգում է: Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ չկա որևէ հանդիպում, որի ժամանակ հարցը չբարձրացվի, նշում է , թե Հայաստանը չի պատրաստվում հաշտվել այն իրավիճակի հետ, որ ՌԴ-ն կրկնապատկի կամ եռապատկի զենքի վաճառքը, բայց հորդորում է հաշվի առնել մեկ այլ հանգամանք ևս:
«Խնդրում եմ նկատի ունեցեք նաև, որ այո, Ռուսասատանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց նաև Ռուսատսանն ու Ադրբեջանը թշնամական պետություններ չեն»:
Իսկ կարգավորման ինչ առաջարկների մասին էր խոսում Սերգեյ Լավրովը՝ նշելով, թե ԼՂՀ հակամարտության կարգավորումը մոտ է և որ բանակցային սեղանին նոր նախաձեռնություններ են: Այս հարցին ի պատասխան ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում է, որ խոսքը Կազանում 2011-ին քննարկված սկզբունքների մասին է:
«Որոնց շուրջ Ալիևը ևս 10 անհավանական առաջարկություն էր ներկայացրել և ձախողել քննարկումը: Խոսքը սրանց մասին է, որևէ այլ համաձայնություն ձեռք բերված չէ»:
Հանրապետության նախագահի Դոյչե Վելլեին տրված պարզաբանմանը, թե հայկական կողմը դեմ չէ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, բայց կարծում է, որ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի, Վահրամ Բաղդասրայանը ավելացնում է միայն այն, որ եթե միջազգային կառույցները պնդեն խաղաղապահների ներկայությունը, մենք դեմ չենք: Ճշտող հարցին ի պատասխան, թե արդյոք պնդո՞ւմ են, ՀՀԿ խմբակցության ղեկավարան ասում է՝ պնդումներ չկան, բայց առաջարկներ հնչում են:
Այս հարցում նույնքան համոզված չէ ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
«Քանի դեռ կարողանում ենք վերահսկել մեր սահմանների պաշտպանությունը և վստահ եմ, որ կարողանալու ենք, խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությունը չկա»:
Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ քառօրյա պատերազմից հետո ստեղծվել է նոր իրավիճակ, որը նոր հետևություններ է պահանջում: Դաշնակցության ներկայացուցիչն, ըստ էության, չի ժխտում, որ այս ընթացքում Ադրբեջանը դիվանագիտական ինչ-ինչ հաջողություններ գրանցել է` կարողանալով խեղաթյուրել փաստերը և ագրեսորի փոխարեն որպես զոհ ու պահանջատեր ներկայանալ:
«Այդ գլխիվայև ծուռ տված պատկերը պետք է վերականգնվի: Դրա համար շատ ավելի ամրապնդված փաստեր ունենք այսօր, որոնցով պետք է թղթածրար կազմենք Ադրբեջանի դեմ»:
ԲՀԿ-ն նույնպես միջազգային համարժեք արձագանք ձևավորելու մասին է խոսում՝ ընդծելով, որ տեղի ունեցածի մեջ պատասխանատվության մեծ բաժինը հենց միջազգային հանրությանն է, ավելի ստույգ ՝Մինսկի խմբինը: Համանախագահող երկրների արտաքին հետախուզության մարմինները հստակ տիրապետում են տեղեկությանը, որ հարձակվող կողմը Ադրբեջանն է ՝ ասում է Նաիրա Զոհրաբյանը:
«Անգամ տիրապետելով այդ փաստական տեղեկություններին՝ նրանք հավասարության նշան դրեցին կողմերի միջև, ես իրենց համարում եմ մեղսակից տեղի ունեցած ողբերգական դեպքերի համար»:
Զոհրաբյանը նույնպես խոսում է Ադրբեջանի դեմ փաստերի թղթածրար կազմելու մասին, ասում, որ իր ձեռքի տակ եղած փաստերն արդեն ուղարկել է ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարին: Կարծում է, որ հարցը հայկական պատվիրակությունը պետք է կարողանա հարցը լուրջ քննարկման առարկա դարձնել ԵԽԽՎ հերթական նստաշրջանի ընթացքում: Այն մեկնարկելու է ապրիլի 18-ին:




