

Շատ համարձակ տղա էր, դրա համար էլ պայքարեց մինչև վերջ՝ թշնամուն ապացուցելով, թե ով է հայ զինվորը, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հայտնեց Որոտանի գյուղապետ Սուրիկ Օհանջանյանը
«Շատ ուժեղ, հոյակապ տղա էր՝ դուխով, ամեն ինչով: Ու նրա դուխը դուք տեսել եք, պոստը չլքեց ու մինչև վերջ կռիվ տվեց այդ անասունների հետ ու նրանց ցույց տվեց՝ հայ զինվորն ինչ ձևի տղա է: Զոհվեց հերոսաբար»:
Հակառակորդի հետ կռվում հերոսաբար զոհվեց նաև շարքային 96 թվականին ծնված Արամ Աբրահամյանը: Նա էլ Արմավիրի մարզի Արտիմետ գյուղից էր: Գյուղապետ Զավեն Միրզախանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ Արամն ընդամենը 2 ամսից պետք է զորացրվեր:
«Շատ ափսոս: Մեր ամենալավ, խելոք երեխեքից էր: Ավարտել է դպրոցը և ուրիշ տեղ առանձնապես չի աշխատել: Գնացել է բանակ: Հավատացյալ ընտանիք է իրանց ընտանիքը: Գյուղի ամենահարգված, ամենախելոք, լավ ժողովուրդն են: Հայրը ամեն տարի գնում է Մեսկվա արտագնա աշխատանքի: Մյուսներն էստեղ են: Հող են մշակում, խանութ աշխատացնում, ապրում են»:
Արցախում հակառակորդի հետ կռվում զոհված տղաներից մեկն էլ 21 ամյա Սարգիս Սահակյանն է: Ծնունդով հրազդանցի երիտասարդը ծնողների հետ ապրում էր Մոսկվայում: Հայրենիք էր վերադարձել ծառայելու, ապա նորից ՌԴ մեկնելու նպատակով, «Ռադիոլուր»-ին հայտնեց Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Աշոտ Միքայելյանը:
«Բավականաչափ մեծ հաջողություններ է ունեցել սպորտի բնագավառում: Ձյուդոիստ է եղել: ՌԴ-ից եկել, մեկնել է ծառայության: Պետք է մայիսին զորացրվեր և մայրը սպասում էր որդու զորացրմանը, որ միասին գնային նորից Ռուսաստան»:
ՌԴ-ից ծառայելու նպատակով հայրենիք վերադարձավ և հայրենիքում անմահացավ նաև 20-ամյա Ռաֆիկ Հակոբյանը: Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի գյուղապետ Արտաշես Մելիքյանի փոխանցմամբ՝ գյուղում աշխատասեր և հարգված ընտանիքի զավակ էր:
«Շատ խելոք, լավ տղա էր: Քույր և եղբայր ունի: Ռուսաստանից եկավ ծառայելու, մնում է ամիս ու կես, եր երեխեն հետ գար, զոհվեց: Ընտանիքին շատ լավ եմ ճանաչում: Հալալ քրտինքով աշխատող ժողովուրդ էին»:
Նշենք, որ տղաների հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան, հուղարկավորությունը՝ վաղը:




