

«Մեր տերը մենք ենք, մենք պիտի մեզ պահենք ու կարող ենք պահել: Համախմբման նման կամք ու կարողություն ունեցող ժողովուրդը դատապարտված է հաղթելու»,-անդրադառնալով վերջին օրերի իրականությանն ասում է գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով այս օրերին մեր ժողովուրդն ապացուցեց, որ իր երկրի պաշտպանն է: «Եթե երկրի պաշտպանը նաև երկրի տերն է, դա արդեն անխորտակելի ուժ է»,-ասում է արվեստագետը: Մտավորականների ուղերձներն այսօր հասցեագրվել են մասնավորապես հայկական Սփյուռքին, կանգնել Արցախի կողքին՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները:
Ողբերգական հետևանքներով ու մարդկային կորուստներով հանդերձ, վերջին օրերին կատարվածն ապացուցեց շատ կարևոր մի բան՝ այս ժողովրդի հետ կարելի է հասնել ամեն ինչի: Արվեստագետ Ռուբեն Բաբայանի համոզմամբ սահմանային աննախադեպ լարվածությունն առաջիկայում կթուլանա, բայց մեզ համար չափազանց կարևոր են հետևությունները, ինչպես ենք հետո ապրելու:
Պետք է ընդունել իրականաթյունն ու հասկանալ, որ սա երկար պատմություն է: Այն իշխանությունը, որն այսօր կանգնած է Ադրբեջանի գլխին, Բաբայանի համոզմամբ, երբեք զիջումների չի գնա՝ գերադասելով զոհաբերել սեփական ժողովրդին ու դառնալ անգամ գործիք որոշակի ուժային կենտրոնների ձեռքին:
«Ադրբեջանը կփորձի տարբեր ճանապարհներ գտնել հարցը լուծելու համար: Հարց, որն իրականում անլուծելի է, որովհետև արցախցին այևս երբեք չի համակերպվի իր անկախության ու ազատության կորստի հետ »,-ասում է Ռուբեն Բաբայանը:
88-ի շարժման ակտիվ մասնակիցն ու ականատեսը ՝ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն այս օրերի ոգին աննախադեպ է համարում: «88-ի մակընթացության ալիքը մի տեսակ խուռներամ էր, տարերային: Սա բոլորովին ուրիշ բան է »,-ասում է Գուլանյանը:
«Մեր տերը մենք ենք, մենք պիտի մեզ պահենք ու կարող ենք պահել: Համախմբման նման կամք ու կարողություն ունեցող ժողովուրդը դատապարտված է հաղթելու»,-ասում է Մերուժան Տեր-Գուլանյանը: Ռուբեն Բաբայանի ձևակերպմամբ մեզանում կուտակված ուժը նաև հնարավորություն է տալիս սթափ գնահատել իրականությունն ու թույլ չտալ, որպեսզի որևէ երկիր փորձի լուծել իր գեոպոլիտիկ հարցերը Հայաստանի ու Արցախի հաշվին:
Արվեստագետները կոչ են անում Սփյուռփին, որը հայկական բռունցքի մասն է կազմում՝ ազդել իրենց երկրների կառավարությունների վրա՝ Արցախի հարցն օրակարգ բերելու և օբյեկտիվ իրավիճակը ներկայացնելու համար, օգնել հայրենիքին ինչով հնարավոր է:
Պատմաբան Գևորգ Յազըճյանի խոսքով Հայ դատն ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի համար տասնամյակներ շարունակ վերածվել է այս կամ այն պետության կողմից ցեղասպանություnը ճանաչելու կամ չճանաչելու խնդրի: Ըստ պատմաբանի ցեղասպանության ճանաչման գործընթացն, իրականում, ոչ թե մեր, այլ միջազգային հանրության բարոյականության խնդիրն է:




