
տեղադրվել է 14.51
լրացվել է 15.51

Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատեճյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը բողոք է հղել Թուրքիայի կառավարությանը եւ պարզաբանում պահանջել Դիարբեքիրի սուրբ Սարգիս եւ սուրբ Կիրակոս եկեղեցիների պետականացման որոշման կապակցությամբ։ Որեւէ պարզաբանում պատրիարքարանը դեռ չի ստացել։ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը, Ադանայի եւ Ստամբուլի հյուպատոսությունները ուշադրությամբ հետեւում են Թուրքիայի կառավարության՝ Դիրաբեքիրում շենքերի, այդ թվում հայկական եկեղեցիների պետականացման որոշման հետեւանքներին, ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան՝ ի պատասխան Ամերիկայի Հայ դատի հարցմանը։
Մինչ Կիլիկո կաթողիկոսությունը Թուրքիայի դատական ատյաններում պայքարում է Սիսի կաթողիկոսարանի վերադարձի համար, այս երկրի կառավարությունը պետականացնում է Դիարբեքիր նահանգի Սուրբ Կիրակոս և Սուրբ Սարգիս եկեղեցիները։ Սուրբ Կիրակոս եկեղեցին երկար տարիների պայքարից հետո վերանորոգվել ու վերաբացվել էր 2011 թվականին: Սակայն թուրք-քրդական բախումների ընթացքում եկեղեցին կրկին ստացել է հին ավերված տեսքը: Սուրբ Սարգիս եկեղեցու վերաբերյալ էլ Արևմտահայերի ազգային համագումարը այնտեղ դպրոց, թանգարան ու մշակույթի տուն կառուցելու պայմանավորվածություն ուներ: Սակայն Թուրքիան ցույց տվեց, որ այս տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել և վարում է նույն քաղաքականությունը, ինչ 100 տարի առաջ, նշեց պատմական գիտությունների դոկտոր Վահան Մելիքյանը:
«Կարևորն այն հանգամանքն է, որ թուրքական, քրդական և հայկական քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը լրջորեն վտանգվում է: Այն գործընթացը, որ սկսվել էր Թուրքիայում, որպեսզի Հայոց ցեղասպանության հիմնախնդրի համատեքստում քաղաքացիական հասարակությունների միջև սկսվի երկխոսություն և այդ ճանապարհով հանգենք հատուցման որոշակի քայլերի, այժմ ձախողվում է: Թուրքիան հանդես է գալիս որպես Օսմանյան կայսրության լիիրավ ժառանգորդ»:
Արևմտահայոց ազգային համագումարի հիմնադիր անդամ Արագած Ախոյանն էլ այս հարցում մեղադրում է Պոլսո պատրիարքարանին: Այս ամենը, ինչ կատարվում է, պատրիարքարանի թուլության նշանն է, ասում է ու հավելում՝ սա Արամ Աթեշյանի վարած քաղաքականության արդյունքն է:
«Մենք չունենք ոչ մի պատասխան Պոլսո պատրիարքարանից»:
Մինչդեռ Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատեճյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը բողոք է հղել Թուրքիայի կառավարությանը եւ պարզաբանում պահանջել Դիարբեքիրի սուրբ Սարգիս եւ սուրբ Կիրակոս եկեղեցիների պետականացման որոշման կապակցությամբ։ Որեւէ պարզաբանում պատրիարքարանը դեռ չի ստացել։ Ազգային փոքրամասնություններն անհանգստացած են, սակայն, միաժամանակ կարծում են, որ կառավարությունը չի կարող մեկ հարվածով պետականացնել այդ ամենը, ասում է Հատեճյանը:
«Այդ կալվածնքները, մասնավորապես, Սուրբ Կիրակոս ու Սուրբ Սարգիս եկեղեցիները հայ համայնքին կպատկանի և չեմ կարծում, որ այսօր պետական որևէ ուժ հանկարծ այդ եկեղեցին մեր ձեռքեն առնե: Ես անձնապես այդպիսի վտանգ մը չեմ տեսնե: Բայց կկարծեմ թե պետք է ևս մեկ-երկու օր սպասել, որպեսզի տեսնքնե թե պետությունն ինչ բացատրություն պիտի տա»:
Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փալյանը Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման հետ կապված գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին։ Ըստ Արագած Ախոյանի՝ դեռևս որևէ պատասխան չի ստացվել։
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը, Ադանայի եւ Ստամբուլի ամերիկյան հյուպատոսությունները ուշադրությամբ հետեւում են Թուրքիայի կառավարության՝ Դիրաբեքիրում շենքերի, այդ թվում հայկական եկեղեցիների պետականացման որոշման հետեւանքներին, ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան՝ ի պատասխան Ամերիկայի Հայ դատի հարցմանը։ Թուրքական կառավարությունը ամերիկացի դիվանագետներին հայտնել է, որ պետականացման որոշումը «բյուրոկրատական միջոց է՝ հեշտացնելու կառույցների վերականգնումը, որոնք վնասվել են վերջին ամիսների կրակոցներից»:
Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ այս գործողության վերաբերյալ տեղական դատարաններում արդեն գործեր են հարուցվել։
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, եւս կարծում է, որ պետականացումը նշանակում է եկեղեցիների վերականգնում:
«Դիարբեքիրի ամբողջ պատմական թաղամասը պետականացվել է, և կասկած չկա, որ վերականգնման նպատակով է»:
Թուրքիայում պետականացված է առնվազն 10 հազար հայկական եկեղեցի, վանք ու մատուռ և դրանք չեն դադարում հայկական լինելուց: Օրինակը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին է , որտեղ հոգևորականությանը պատարագ մատուցելու արտոնություն է տրված, հավելեց հուշարձանագետը և շեշտեց՝ Սուրբ Կիրակոսի պարագայում էլ, եթե Պոլսո պատրիարքարանը դիմի պատարագներ մատուցելու համար, ապա թուրքական իշխանությունները չեն մերժի:




