

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում գազի սակագնի հնարավոր նվազման մասին: Թեմային այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը: Նա նկատել է, որ գազի գնի ձեւավորման վրա սովորաբար պետք է ազդեն սոցիալական, տնտեսական եւ քաղաքական գործոնները միաժամանակ, սակայն, մեզանում առավելաբար գները ձեւավորվում են քաղաքական գործոնի ճնշման տակ: Հասարակական պաշտպանների միության նախագահը պնդել է, որ բոլոր հնարավորությունները կան, որպեսզի Հայաստանում հենց այսօր էլ գազի գինը նվազի: Սպառողների համար գազի գնի նվազման մասին խոսակցությունների իսկությունը պարզելու համար «Ռադիոլուրը» դիմել է նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
Ներկայումս Հայաստանին ռուսական գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրը մատակարարվում է 165 դոլարով: Մինչ այդ, գազի գինը մեկ անգամ նվազել էր սահմանին, սակայն այն չտարածվեց սպառողների վրա՝ հիշեցրեց Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը: Ըստ նրա՝ դա էլ մեկ խնդիր է: Նա շեշտեց նաեւ, որ Հայաստանում գազի սակագինը բավականին բարձր է, նախեւառաջ՝ սոցիալական տեսանկյունից:
Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը համոզված է, որ կան մի շարք տնտեսական փաստարկներ նույնպես, որոնք միանգամայն կարող են նպաստել Հայաստանում գազի գնի նվազմանը: Որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններով՝ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ, եթե այն դառնա վերջնական, ապա դրա մասին կհայտարարվի մոտ 10 օրից՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարելիք այցի ժամանակ: Ըստ խոսակցությունների՝ ռուսական գազի գինը նվազելու է մոտ 12 տոկոսով:
Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, մինչդեռ, պնդեց, որ հենց այսօր կա հնարավորություն գազի գինը միանգամից 20 տոկոսով նվազեցնելու համար: Նրա գնահատմամբ, սակայն, դա տեղի չի ունենում, քանի որ մեր երկրում կարգավորող մարմինն անկախ չէ:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ սպասվում է նաեւ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շտապ նիստ կգումարի եւ կնվազեցնի նաեւ ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագինը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Մարիամ Ստեփանյանը, սակայն, Ռադիոլուրի հետ զրույցում այդ տեղեկությունները չհաստատեց՝ շեշտելով նաեւ, որ «Գազպրոմ Արմենիա»-ից հանձնաժողովը գազի գների վերանայման հայտ այս պահի դրությամբ չի ստացել:
Ինչ վերաբերում է հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ սակագնի վերանայման հնարավորությանը, ապա, հանձնաժողովի մամուլի խոսնակը շեշտեց, որ օրենսդրության համաձայն՝ նման բան հանձնաժողովը կարող է անել, երբ արձանագրվել է գլոբալ ինչ-որ փոփոխություն, օրինակ, երբ սահմանին նվազել է գազի գինը:




