

Այսօր երեկոյան տեղի է ունենալու 4+4+4 ձեւաչափով առաջին հանդիպումը, որն ընթանալու է դռնփակ պայմաններում: Հիշեցնենք, որ այդ ձեւաչափով էր ՀԱԿ-ը իշխանություններից պահանջում համագործակցություն ԸՕ-ի նախագծի շուրջ: Ընտրական փաստաթուղթը քննարկելու են 4 ներկայացուցիչ իշխանությունից, 4 ընդդիմությունից եւ 4 քաղաքացիական հասարակության հատվածից: Արտախորհրդարանական քաղաքական ուժերից Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան»-ի անունից սարդեն հայտարվել է, որ ընտրված ձեւաչափը անիմաստ է, քանի որ հաշվի չի առնում արտախորհրդարանական ուժերի կարծիքը:
Իշխանությունը հավատարիմ է իր խոստմանը եւ մասնակցում է առաջարկվող բոլոր ընդունելի ձեւաչափերին՝ ԸՕ-ի նախագիծը քննարկելու համար: Որոշ դեպքերում նույնիսկ զիջումների է գնում՝ նախապես հայտարարելով, որ օրինակ՝ ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու առաջարկին արդեն դեմ չէ: Բայց այս ամենը որեւէ առնչություն չունի ընտրական գործընթացների հետ, կարծում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Այն, ինչ տեղի է ունենում այսօր գերադասում է անվանել «թատրոն»:
«4+3-12 եւ 5/7-1.5 հասկանո՞ւմ եք, սա ընդհանրապես լուրջ չի: Հասարակի մի օրինակ բերեմ, բոլոր ընդդիմադիրները գանգատվում են, որ շատ բարդ է գրված այս օրենսգիրքը: Շատ լավ, գրեիք 1.5 էջի վրա: Ինչո՞ւ չէիք գրել: Շատ հարմոնիկ իրավիճակ է եւ իշխանությունը եւ ընդդիմադիրները ոնց որ հալալ քույր եւ եղբայր լինեն: Ավելի շուտ երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի, քան իրենք մի բան փոխեն»:
Հիշեցնենք, որ գոյություն ունի ԸՕ-ի ընդամենը մեկ նախագիծ, այլ տարբերակներ չկան: Ընդդիմությունը փորձում է իշխանության հետ բանակցել հստակ կետերի շուրջ՝ սկզբունքային լուծում պահանջող կետերը հինգն են: Այդպես է որոշել ընդդմադիր ուժերի կողմից ձեւավորված «միասնական պլատֆորմ»-ը: Բայց այս հարցում, օրինակ՝ ՀԱԿ-ը ամբիցիոզ չէ, ասում է խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Դառը փորձ ունենք, որ շատ համագործակցությունը միշտ չէ, որ շատ լավ է: Մասնավորապես, մենք այս պահին համագործակցության լայն եզրեր ենք փնտրում ԸՕ հետ կապված: Այսպես՝ ոչ ամբիցիոն, ամենեւին մեզ դա պետք չէ, որ ասեն՝ մենք ենք դա արել»:
Համագործակցության դառը փորձից ելնելով որեւէ ձեւաչափերի առաջիկայում չի մասնակցելու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Քաղաքական ուժի ղեկավար Նաիրա Զոհրաբյանի ներկայացմամբ՝ ունեն 30 առաջարկից բաղկացած մի փաթեթ, որը ներկայացնելու են իշխանությանը, որը, սակայն, կրկին օրենգի նախագիծ չէ:
Յուրքանչյուրն իր խնդիրն է այստեղ լուծում՝ մեծ, թե փոքր՝ կարեւոր չէ: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը պնդում է. ինչ պայմանավորվածություններով էլ որ փաստաթուղթն ընդունվի՝ 2017-ի ընտրություններից հետո կրկնվելու են բոլոր մշտական բողոքներն ու դժգոհությունները: Իսկ բացատրությունն, ըստ Հարություն Մեսրոբյանի՝ շատ պարզ է, իր իսկ ձեւակերպմամբ, «ազգանունափոխության» սկզբունքով ենք ապրում եւ ղեկավարում:
« Շատ կարեւոր է, թե Հայաստանում այսինչ պաշտոնում ինչ ազգանունի տեղը այլեւս ինչ ազգանուն է գրվելու: Մեզ համար միշտ կարեւոր է անձը, պրոցես չի հետաքրքրում»:
Այդպիսի մի ազգանունափոխություն տեղի ունեցավ հենց վերջերս, երբ կառավարության կազմի որակը փոխվեց՝ հանրապետական նախարարները փոխարինվեցին դաշնակցականներով: Առայժմ այսքանը: Աժ-ում Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը սպասվող փոփոխությունները պայմանավորում է ԸՕ-ով:
«Առնվազն 4 հանգամանք կա, որ հույս են տալիս, որ նորություններ են լինելու եւ աննախադեպ է լինելու 2017-ի ընտրությունները»:
Վկայակոչվող չորս հանգամանքների շարքում պատգամավորը շեշտում է ընդդիմության համար երեշխավորված տեղերի ապահովումը: Ինչ ելք էլ, որ ունենան ընտրությունները ընդդիմության համար 1/3-ի տեղը Աժ-ում երաշխավորված է, ըստ նախագծի: Այդպես երբեք չի եղել եւ նշված սահմանն այն նվազագույն շեմն է, որի դեպքում ընդդիմությունը խորհրդարանում իրեն կարող է որոշ չափով նշանակալի դերում զգալ: Որքան էլ որ տարբեր կողմերը փորձում են այս պահին վկայակոչել ԸՕ-ի նախագծից որեւէ դրույթներ կամ կետեր, բոլորի համար ակնհայտ իրողությունը արդեն այսօրվանից հայտարարում է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Դա ավելի շատ ընդդիմությունն է մատին փաթաթան դարձնում, որ այս կետը օրենսգրքի, մյուս կետը, որ պետք է այսպես լինի: Այն քաղաքական ուժերը, որոնք գնահատել են իրենց հնարավորությունները եւ նրանք բավակնին խիստ կասկածանք ունեն իրենց հաջողության վրա, այդ իսկ պատճառով նրանք նախնական պատրվակներ են փնտրում հետագայում շահարկելու համար: Իսկ մաքուր եւ թափանցիկ ընտրությունների համար առաջին հերթին պետք է քաղաքական կամք»:
Այս կարեւորագույն սկզբունքը, ըստ հանրապետական պատգամավորի՝ իշխանությունն ունեցել է նաեւ նախկինում, պարզապես եղել են արջի ծառայություն մատուցողներ, որոնց աշխատանքը, սակայն, Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ՝ ընտրությունների վերջնական արդյունքի վրա երբեք էական ազդեցություն չի թողել:




