

Պակիստանում հայտարարված է եռօրյա սուգ՝ այնտեղ իրականացված ահաբեկչությունից հետո: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնած «Տալիբան» շարժումն արդեն հայտարարել է, որ այն ուղղված էր քրիստոնյաների դեմ եւ զգուշացրել, որ սա դեռ վերջը չէ: Հատկանշական է, որ Պակիստանում քրիստոնյա բնակչությունը կազմում է ընդամենը 1.6 տոկոսը: «Ռադիոլուր»-ն այսօր փորձել է պարզել, թե ինչ ենթադրություններ այս ամենից պետք է անի Հայաստանը՝ իբրեւ քրիստոնեությունն ընդունած առաջին պետություն:
Ընդամենը մի քանի ժամ առաջ էր այսպիսի իրավիճակ Պակիստանի երկրորդ խոշոր քաղաքում: Լահորի զբոսայգում մահապարտ ահաբեկչի գործողության հետեւանքով զոհերի թիվն արդեն անցել է յոթ տասնյակը, վիրավորներինը՝ մոտենում է 300- ի։ Պակիստանի իշխանությունների փոխանցմամբ, սպանվածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են:
Ահաբեկչության պատասխանատվությունն տանձնել է Պակիստանի տալիբներին աջակցող խմբավորումը՝ ընդգծելով, որ թիրախը սուրբ Հարության տոնը նշողող քրիստոնյաներն էին։ Ի դեպ՝ Պակիստանում, որը աշխարհում մահմեդական բնակչության թվով երկրորդ պետությունն է, քրիստոնյաները կազմում են ընդամենը 1.6 տոկոսը:
Աստվածաբան Վարդան Խաչատրյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում տարակուսեց, թե ինչու էր մինչ այս պահը հերքվում, որ այսպես կոչված «ահաբեկչական պատերազմները» կրոնական դաշտից դուրս են:
«Միգրացիոն ալիքի ժամանակ դեպքերն այլեւս կասկած չեն թողնում։ Պատկերացրեք, նավը, որը խորտակվել է Իտալիայի ափերի մոտ, իտալացի փրկարարներին հաջողվել է մի քանի հոգու այդ նավից փրկել։ երբ նրանց հարցաքննել են, պարզվել է, որ նավի խորտակումից ընդամենը 2-3 րոպե առաջ նավում գտնվողները որոշել են մահապատժի ենթարկել քրիստոնյաներին»:
Այս կտրուկ մոտեցմանը միանշանակ չի վերաբերում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը:
«Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ մինչ այդ եղել էր խոշոր ահաբեկչություն նաեւ Իրաքում: Համաշխարհային հանրությունը որպես մեծ ողբերգություն ընդունում է այն, ինչ կատարվեց Բելգիայում, բայց ավելի քիչ ուշադրություն է դարձնում, որ այդ նույն ահաբեկչությունների պատճառով անհամեմատ շատ ավելի մարդիկ զոհվում են այլ երկրներում»:
Աշխարհում ստեղծված իրավիճակը դեռ թույլ չի տալիս հայտարարել, որ այն վերածվում է քաղաքակրթական պատերազմի, ասում է Վարդան Խաչատրյանը` նշելով, որ առաջին հերթին հենց մեհմեդականները ֆիզիկապես չունեն դրա ներուժը: Խնդիրը այլ կերպ վերլուծելիս՝ Գագիկ Հարությունյանը որոշակի դրական միտումներ տեսնում է մերձավորարեւելյան զարգացումներում, թեպետ համոզված է, որ «ահաբեկչական պատերազմների» նվազման միտում դեռեւս չի նկատվում:
«Կան նաեւ հուսադրող տարրեր: Օրինակ՝ Ռուսաստան-Սիրիա-Իրան կոալիցիան էր, որը կարողացավ հավասարակշռել իրավիճակը Սիրիայում եւ մենք տեսնում ենք, որ այսօր սիրիական զորքերը գրավել են Պալմիրան, ինչը նաեւ քաղաքակրթական նշանակություն ունեցող հաղթանակ է»:
Աշխարհաքաղաքական այս զարգացումներից ի՞նչ հետեւություններ պետք է անի Հայաստանը: Վարդան Խաչատրյանի համար պատասխանն անկհայտ է. հայերը թիրախ կարող են դառնալ ոչ նրա համար, որ առաջինն են աշխարհում ընդունել քրիստոնեությունը:
«Այստեղ էական դեր խաղում է այն, որ թուրքալեզու իսլամի ամբողջականացմանը՝ Միջին Ասիայից մինչեւ Թուրքիա, խանգարում է մենակ Հայաստանը: Դեյր Զորի հայկական եկեղեցին սեպտեմբերի 21-ին պայթեցվեց՝ ցույց տալու համար մեզ, որ «Իսլամական պետությունը» եւս գտնվում է Թուրքիայի լիարժեք վերահսկողության տակ եւ կատարում է նրա պատվերները»:
Զգոնության կոչ է անում նաեւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավարը՝ պարզապես այն պատճառով, որ անկայուն տարածաշրջանը մեզ շատ մոտ է:




