

«Ռադիոլուր»-ի անդրադարձը Սյունիքի մարզի ամենամեծ համայնքի՝ Շինուհայրի մասին է: Ինչպե՞ս են այստեղ ապրում բնակիչները, ի՞նչ խնդիրներ ունեն նրանք, իրականության ընկալումն ըստ երեխաների ու մեծահասակների: Նշենք, որ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրով Սյունիքի մարզում ձևավորված Տաթև համայնքի կենտրոնը հենց Շինուհայրն է:
11-ամյա Նարեն ծնվել ու մեծացել է Սյունիքի մարզի ամենամեծ համայնքում ՝ Շինուհայրում: «Մանկարպարտեզ ու դպրոց ունենք, մարզադպրոց՝ ոչ», — ասում է աղջիկն ու խոստովանում՝ ամենաշատը Ռուսաստանում ապրող հորեղբոր ընտանիքին է կարոտում, գյուղ գալիս են, բայց կարճ ժամականով: Հարցին, ինչու՞ նրանք էլ գյուղ չեն վերադառնում պատասխանում է.
«Երևի սոցիալական պատճառներով: Շատ կուզենայի, որ մեզ հետ ապրեին: Դե համակարգչով խոսում ենք, բայց դե էն չի էլի»:
Հորեղբոր ընտանիքի կարոտն անգամ աղջկան իր գյուղից չի հանի, համենայնդեպս այժմ այդպես է ասում:
Շինուհայրում երեխաները ոչ թե համակարգչով են խաղում, այլ՝ գնդակով: Մանկության տարիների հիշողություննրը վառ են, եթե դասեր չկան, ազատ ժամանակը դրսում են անցկացնում: Իննամյա Նարեկը գիրք չի հասցնում կարդալ, մեծերի հոգսերն է թեթևացնում: Երբ նրան խնդրեցինք պատմել իրենց գյուղի մասին, ասաց՝ «ինչ պատմեմ դուք ձեր աչքով պիտի տեսնեք»: Շինուհայրի բնությամբ հիացած փոքրիկի սիրած պատմական հերոսը Տիգրան Մեծն է, թե չի մասնագիտություն կընտրի, դեռ չի որոշել: Մի բան, սակայն, հստակ է
«Ես մեր գյուղում կմնամ: Գյուղն իմ համար ավելի լավ ա, իմ շրջապատն ա գյուղում: Իմ համար գոյւղում ավելի լավ ա, քան քաղաքում»:
Գյուղի կյանքի ու իրականության մասին պատկերացումները փոխվում են, երբ դրսում մեծահասակների ես հանդիպում : «Երիտասարդները գնում են, գործարան էլ չկա, որ աշխատենք»: Սյունիքի մարզի ամենամեծ համայնքի՝ Շիինուհայրի մեծահասակ բնակիչներն էլ այս խոսքերով են դիմավորում իրենց գյուղ այցելած հյուրերին: Շինուհայրը Տաթև բազմաբնակավայր համայնքի կենտրոնն է, գյուղացիները խոշորացումից դեռ ակնկալիք չունեն: Զրուցակիցս 40-ամյա Սվետլանա Մելքումյանն է, Գորիսից է հարս եկել,
«Խելքս բան չի կտրում, որ կսարքեն, լրիվ քանդված քինում ա մեր գյուղը: Ջահիլնի համարյա շատը Ռուսաստան ա: Հենա գործարանը քանդված քինում ա, գործարան չկա, որ ջահել-ջուհուլը մտեն , գործ անեն»:
Քանդվածն ու չաշխատողը կոշիկի նախկին գործարանն էր, հիշողություններն էլ խորհրդային տարիներից են գալիս: Երբեմնի հզոր գործարանից այլևս ոչինչ չի մնացել: Սարքավորումները թալանված են, դռները՝ կոտրված: Գյուղացիները ներդրողների են սպասում: Հույս ունեն, որ մի օր իրենց գործարանն էլ կաշխատի:
Մինչ այդ, մի քանիսը Շինուհայրի հացի փռում են աշխատում, զրուցակիցս քչերից է, որը գյուղում աշխատանք ունի, սակայն, այս դեպքում էլ է դժգոհ
«Յոթ հոգի ենք, մենակ ես եմ աշխատում, ամուսինս անգործ ա: Ես էլ ջահել-ջահել, հաց եմ թխում: Ես էլ վիճակ չունեմ»:
Շինուհայրում հող մշակում են, անասնապահությամբ նունպես զբաղվում են, սակայն, կարծում են, որ պետք է գործարան էլ ունենան, որ կարողանան ապրել: Հիմնական մտահոգությունը գյուղի երիտասարդների ՌԴ-ում գտնվելն է, ավելին, երազում են որ իրենց երեխաներն էլ գյուղում:
Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրով Սյունիքի մարզում ձևավորված Տաթև համայնքի կենտրոնն է Շինուհայրը: Արդեն նախկին ղեկավար Սմբատ Երեմյանի խոսքով, գյուղը շուրջ երեք հազար բնակիչ ունի: Խորհրդային տարիներին բնակչության թվաքանակն ավելանում էր ամեն տարի: Վերջին տարիներին,սակայն, արտագաղթի խնդիրը լուրջ է:
Բնակիչների նման Երեմյանն էլ ցանկանում է, որ գործարան բացվի, սակայն, նկատում է՝ պարտադիր չէ, որ հենց Շինուհայրում: Կարևորը, որ գյուղացուն կարողանան կապել հողին, բերքի իրացման խնդիր չունենան:
«Մարդը գյուղում է ապրում, ասում եք աշխատատեղեր չկա, աշխատանք չկա: Չէ՞ որ հենց հողը իրենից աշխատատեղ է ներկայացնում: Պետք է մտածենք ինչ պայմաններ ստեղծենք, որ մարդը շահագրգիռ լինի, հողի մաշկությամբ զբաղվի: Թեկուզ մի համայնքում, որ գործարան լինի, շուկա լինի, կարողանան եկամուտը իրացնեն, չեմ կարծում, որ կբռնեն արտագաղթի ճանապարհը»:
Ի դեպ, 740 ընտանիքից 140-ը ՌԴ-ում են գտնվում: Միայն այս համայնքից ամեն տարի շուրջ 120 տղամարդ մեկնում է արտագնա աշխատանքի:




