Տնտեսական

ՏՏ- ում տարեկան աճը 40% հասցնելու ներուժ կա, ասում են ոլորտի ներկայացուցիչները

lianaeghiazaryan

Հայաստանի հանրակրթական դպրոցներում կրթական նոր ծրագիր է ներդրվում, այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 16-րդ համագումարի ժամանակ հայտարարել է միության նախագահը: Կարեն Վարդանյանը մանրամասնել է, որ խոսքը «Ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի» մասին է, որը մինչեւ 2019 թվականը պետք է ընդգրկի բոլոր դպրոցներն ու համակարգչային եւ մասնագետների ապահովմամբ նոր թափ հաղորդի Հայաստանի ամենահեռանկարային ոլորտին: Կարեն Վարդանյանը միաժամանակ ՏՏ ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր է բարձրացրել` ուղղելով դրանք համագումարին մասնակցող ՀՀ վարչապետին ու խնդրելով նրա միջամտությունը:

 

Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ու ամենախոստումնալից ոլորտն էլ տարատեսակ խնդիրներից զերծ չէ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է մատնանշում:  Տարեկան 20-22 տոկոս միջին աճը կարելի է կրկնապատկել, ասում է, 40 տոկոսի էլ հասցնել, ռեսուրսները կան, միայն թե խնդիրներն էլ իրենց հերթին են լուծում պահանջում:

Տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեր մասնագետների լուծումները դրսում բարձր են գնահատվում, պահանջարկ վայելում, այնինչ մեզ մոտ տնտեսությունն անտարբեր է դրանց հանդեպ: Կոնկրետ ռազմարդյունաբերության ոլորտում դրանց կիրառմամբ նոր աճ կարելի էր ապահովել:

Վարդանյանը թվարկում է տարատեսակ խնդիրները` Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայությունը վերջին շրջանում անհասկանալի ձեւով բարդացնում է հայ մասնագետների վիզաների տրամադրումը` լուրջ վնաս հասցնելով: Շատ թույլ օղակ են մեր համալսարանները: Նրանց պատրաստած կադրերն ավարտելուց հետո դեռ 2-3 տարվա վերապատրաստում պետք է անցնեն ՏՏ ձեռնարկություններին պիտանի դառնալու համար:

Կարեն Վարդանյանի բարձրացրած բազմապիսի խնդիրների հասցեատերը հանրապետության վարչապետն է, ով մասնակցում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 16-րդ համագումարին: Ամերիկյան վիզաների հայտերի մերժման հարցն անպայման կընդգրկվի արտաքին գործերի նախարարության օրակարգում, արդեն լրագրողների հետ զրույցում խնդիրներին արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: Անսպառ ներուժ ունեցող ոլորտի համար ամեն ինչ արվելու է, խոստացավ կառավարության ղեկավարը։

Հայաստանն աշխարհի տեխնոլոգիական քարտեզում իր լուրջ տեղը զբաղեցնելու ամենալուրջ հավակնություններն ունի, սեփական համոզմունքն է փոխանցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը: Ոլորտին քաջածանոթ մասնագետը հայտարարում է` ժամանակն է մեր երկրում ինժեներական կրթության տարիքն իջեցնել մինչեւ 10 տարեկանը` հիմքը դնելով դեռ դպրոցում:

Այդ ուղղությամբ առաջին քայլն արդեն ձեռնարկված է: Հանրակրթական դպրոցներում ներդրվում է  «Ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը»: 5-րդ եւ բարձր դասարանների աշակերտները հնարավորություն կունենան համակարգչային դասասենյակներում ծրագրավորում անցնել` անվճար: 2019-ին հանրապետության բոլոր դպրոցներն արդեն պետք է ներգրավված լինեն ծրագրում, մանրամասնում է միության նախագահ Կարեն Վարդանյանը:

Ծրագիրը մի քանի տարի անց կարող է դառնալ պարտադիր, միայն թե դասավանդող մասնագետների պատրաստման խնդիրն է պետք այս ընթացքում լուծել: Ինժեներական լաբորատորիաներ արդեն փորձնականորեն ներդրվել են 85  դպրոցում, որոնց սաներից 6-րդ դասարանցի Տիգրանն ու Վանանեն  արդեն ասելիք ունեն:

ՏՏ ոլորտի մասնագետներն այսօր ակնկալում են պետական աջակցություն. Ծրագրում հայկական տեխնոլոգիական բրենդի ստեղծումն է ու սեփական լուծումների ներդրումը սեփական երկրի տնտեսության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button