

Դաշտապաշտպան անտառաշերտերի վերականգնումն օրակարգից դուրս մնացած հարց է, սակայն դրանք որոշակի միկրոկլիմա են ստեղծում այգիները բնության տարերքից պաշտպանելու համար: Նոր Արտագերսում վնասվել են նաև բողբոջած ծառերը: Գյուղացիները ներքուստ բերք ունենալու հույսեր են փայփայում, որը պարզ կլինի մեկ շաբաթվա ընթացքում, երբ եղանակը կայունանա:
Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքում ծիրանից արդեն հույս չունեն, մյուս կորիզավոր պտուղների բերքատվությունն էլ հարցականի տակ է: Մարտը լիարժեք մտնելով իր տարերքի մեջ վնասեց ոչ միայն ծաղկած նշենին ու ծիրանենին, այլև բողբոջած պտղատու մյուս ծառատեսակները: Երկու գիշեր ցրտահարություն, հետո ուժեղ քամի, անձրև, որին հաջորդեց ցուրտ գիշերը: Գյուղացիների համոզմամբ մի շաբաթվա ծուխն էլ չօգնեց այգիներին:
Գյուղում ծիրանի այգիներին հավասար կան նաև սալորի տարբեր տեսակների այգիներ:
Սալորը բողբոջել է, հույս կար, որ կօգտվեին պտղի այս տեսակից, սակայն նախորդ օրվա անձրևն ու ցուրտը մարեց այդ հույսը: Յուրիկ Վասիլյանը նշեց, որ ջերմաստիճանի բարձրացման հետ պարզ կլինի ցրտահարված այգիների պատկերը՝ բողբոջները սևանալու են ու թափվեն:
Յուրիկ Վասիլյանն անիմաստ է համարել քամու ժամանակ գիշերն անցկացնել դաշտում, քանի որ քամին չի թողնում ծուխը նստի այգիների վրա և որոշակի պաշտպանություն իրականացվի: Այգիները քամիներից, ցրտից ու շոգից պաշտպանելու նպատակով նախկինում՝ խորհրդային տարիներին, բաց տարածքներում տնկվել են դաշտապաշտպան անտառաշերտեր: Մեր տնտեսության ճգնաժամային տարիներին դրանք հատվեցին ու չվերականգնվեցին: Դաշտապաշտպան անտառաշերտը որոշակի միկրոկլիմա է ստեղծում այգիները ցրտից և շոգից պաշտպանելու համար:
Տարիներ շարունակ, բնության աղետների դեպքում, մարզում խոսվում է դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնման մասին, սակայն այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես անտեսել են իրենց համայնքի համար կարևորագույն խնդրի լուծումը, իսկ բնությունն էլ ,երբեմն , զայրանում ու իր չար գործն է անում:
Նոր Արտագերսի այգեգործները չեն հավատում, սակայն ներքուստ հույսեր են փայփայում բերքից օգտվելու համար:




