ՎերլուծականՔաղաքական

Վերլուծաբաններ. հանրությունն սպասելիք չունի ոչ իշխանությունից, ոչ ընդդիմությունից

lusinevasilyan

Քաղաքական գործընթացին հետևող մասնագետները, նաև ոչ մասնագետները, միարժեքորեն պնդում են ՝ քաղաքական գործընթացներն այլևս ընթանում են նախընտրական տրամաբանությամբ: Խորհրհրդարանական ընտրություններից ընդամենը 1 տարի է բաժանում, քաղաքական ուժերը դիրքավորվում են, մարտավարական նոր հնարքներ բանեցնում, աստիճանաբար փոխում հռետորաբանությունը, ոմանք՝ նաև անվանումները: Ի՞նչ է խոստանում նոր ուժերի ձևավորումը հանրությանը, ի՞նչ  խնդիր է առաջադրում իշխանություններին և ընդդիմադիրներին:  

 

«Լուսավոր Հայաստան»,  «Քաղաքացիական պայմանագիր», «Հայկական վերածնունդ».  քաղաքական ուժերի այս  նոր  անունները կհամալրեն այն ցանկը, որին  կառնչվի ընտրողը խորհրդարանական հաջորդ ընտրությունների ժամանակ: Ընդ որում՝  հին ու ծանոթ անունների շարքին  ավելացող նորերի ցանկն այս 3-ով  չի սահմանանափակվի: Սպասվում է այլ նոր կուսակացությունների  ձևավորում ևս, դրանցից մեկը, օրինակ, խոստացվել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից:

Նոր ձևավորված քաղաքական ուժերն արդեն հայտարարել են, որ մտադիր են մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին:  Քաղաքական գործընթացին հետևող մասնագետների տեսանկյունից՝ նախըտրական փուլի մեկնարկն արդեն տրված է:  «Միարժեքորեն՝ նախընտրական փուլի մեկնարկը տրված է, ընտրություններին մնացել է 1 տարի և բնականաբար գործընթացը սկսված է»,- ասում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի դիտարկմամբ էլ՝ ակնհայտ է, որ նախընտրական զարգացումներն սկսվել են, ընդ որում՝ ոչ թե հիմա, այլ ավելի վաղ: «Դրանց մեկնարկը տրվել է սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո, իսկ զարգացումներն ավելի են ակտիվացել հանրապետության նախագահի փետրվարյան ելույթից հետո»:

Ի՞նչ է խոստանում նոր ուժերի ձևավորումը հանրությանը, ի՞նչ  խնդիր է առաջադրում իշխանություններին և ինչպե՞ս է փոխելու  իրավիճակը քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում: Վերջինում հատկապես փոփոխություններ խոստանում է, քանի որ նորաստեղծ  բոլոր ուժերը հայտարարում են, որ  գալիս են համալրելու  ընդդիմության շարքերը։

Կարեն Քոչարյանը կարծում է, որ դրանով փորձում են ոչ միայն շահել հանրության վստահությունը, այլ նաև  լրացնել այն բացը, որն առաջացել է քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում: Նա կարծում է, որ նորերի մուտքը մրցակցության առաջին ալիքն առաջացնելու է հենց ընդդիմադիրների միջև: «Այդ պայքարի արդյուքից է կախված լինելու , թե ով կզբաղեցնի ընդդիմության լիդերի տեղը  բուն նախընտրական շրջանում, այսիքն՝ ընտրություններից 1-2 ամիս առաջ»: Քաղտեխնոլորգը կարծում է, որ ընդդիմության առաջատարն առայժմ չի ուրվագծվում, որոշվելու է հին ու նոր ընդդիմադիրների պայքարի արդյունքում:

Ի դեպ, հների մեջ կան այնպիսինները, որոնք  նաև անվանում են փոխում: «Օրինաց երկիր» կուսակցությունը, օրինակ, մեծ հանդիսավորությամբ հայտարարեց,որ նոր միավորում է ստեղծում, իր շուրջ 100-ից ավելի կազմակերպություն է համախմբում և արդեն ներկայանում ոչ թե որպես «Օրիանց երկիր», այլ  «Հայկական վերածնունդ»:

Աղասի Ենոքյանը համաձայն է այն դիտարկմանը, որ նոր անուննեով քաղաքական ուժերը փորձում են նաև մոռացության տալ հին անունների հետ կապվող հիշողությունները: «Հին անվան հետ  կապված խնդիր, հեղինակության պակաս  այդ  ուժն իսկապես ուներ և ինչ-ինչ բացատրությունների համար նոր բրենդ էր պետք»:

Թե որքանով նոր բրենդերը կօգնեն հներին կամ որքանով ընդունելի կդառնան նոր բրենդերը, դեռևս պարզ չէ: Նոր ուժերից շատերը դեռ չեն էլ  մանրամասնել, թե քաղաքական ինչ օրակարգով են դաշտ մտնում,  ինչ ծրագրեր ու առաջնահերթություններ ունեն: Այնպես որ՝ քաղաքական դաշտի մյուս՝ իշխանական բևեռը, ըստ զրուցակիցներիս,  առայժմ դիտորդի դերում է. քայլերն ու հակաքայլերը կարվեն ընդդիմադիր դաշտում հստակեցումներից հետո:

Ամենամտոհոգիչն այս փուլում  հանրության վերաբերմունքի  մասին հնչող գնահատականներն են: Հանրության համար կուսակցություններ չեն ստեղծվում, ասում է Աղազասի Ենոքյանը:

Ոչ ընդդիմությունից, ոչ էլ իշխանությունից հանրությունը վաղուց արդեն սպասելիքներ չունի, սա էլ Կարեն Քոչարյանի դիտարկումն է: Ճշտող հարցին, թե ով է դրանում մեղավոր՝ ինքը՝ հանրությունը, թե՝ քաղաքական ուժերը, վերլուծաբանը պատասխանում է՝  կողմերից երկուսին էլ  հավասարապես մեղադրելով:

Կարդացեք նաև

Back to top button