Մշակույթ

Հայկական երաժշտությունը ջերմությամբ է ընդունվում «Ալ Բուստանում»

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մշտապես կարևորում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցումն արտասահմանյան հյուրախաղերի ընթացքում։

Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնի մարտի 15-ի համերգը բացվեց Ջիվան Տեր-Թադևոսյանի Լիրիկական պոեմով։ Հանդիսատեսը շատ ջերմորեն ընդունեց այս ստեղծագործությունը։

Երեկոյի ընթացքում տաղանդավոր թավջութակահար Էդգար Մորոն Երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ կատարեց Սերգեյ Պրոկոֆևի Սիմֆոնիա-կոնցերտը թավջութակի և նվագախմբի համար։

Համերգի երկրորդ բաժնում Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ հնչեց Մոդեստ Մուսորգսկու Պատկերներ ցուցահանդեսից ստեղծագործությունը (փոխադրությունը՝ Մորիս Ռավելի)։

Հանդիսատեսը բաց չէր թողնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին և դիրիժորին՝ պահանջելով բիս։

Նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի հանրահայտ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս «Ալ Բուստան» միջազգային փառատոնում որպես պաշտոնական նվագախումբ։ Երիտասարդականը «Ալ Բուստան» փառատոնին է մասնակցում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել ՄՏՍ-ը։

Կարդացեք նաև

Back to top button