

2017-ի խորհրդարանական ընտրություններով պայմանավորված՝ Հայաստանյան ներքաղաքական բոլոր զարգացումները հիմնականում դիտարկվում են նախընտրական տրամաբանության շրջանակներում: Նույն տրամաբանության են ենթարկվում նաեւ սկիզբ առած գործընթացները, որոնք նոր կուսակցությունների ստեղծմանն են միտված: Ներքաղաքական քննարկումներում տարբեր կերպ են գնահատվում նոր կուսակցաշինական այս գործընթացները: Ոմանց ձեւակերպմամբ՝ դրանց մի մասը քաղաքական շուուների տրամաբանությամբ կարելի է բացատրել, մյուս մասը՝ քաղաքական սերիալների: Ոմանք էլ համոզված են, որ ստեղծվող ու ստեղծվելիք նոր կուսակցություններն էլ ավելի են խճճելու գալիք ընտրությունները:
Նախընտրական տարին լի է լինելու տարատեսակ շոուներով, որը կարող է հետաքրքրություն առաջացնել նրանց մոտ, ովքեր ցանկանում են դա տեսնել, այսպիսի դիտարկում կատարեց ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանը: Նրա ձեւակերպմամբ՝ դրանից բացի, նկատվում է նաեւ քաղաքական սերիալներ կազմակերպելու մոլուցք:
Թե ներկայացված, այսպես ասեք, քաղաքական ժանրերից որի՞ մեջ է մտնում իր նախկին կուսակցական ընկերոջ՝ Վարդան Օսկանյանի կուսակցություն ստեղծելու մտադրությունը, Վահան Բաբայանն այսպիսի գնահատական տվեց. «Քաղաքական սերիալը երեւի ավելի մոտ կլինի այդ ամենին, որովհետեւ ինչ-որ իրադարձություններ, բնականաբար, կետ առ կետ, «պորցիա-պորցիա» ընթանալու են եւ ինչ-որ հետաքրքրություններ առաջացնեն»:
Վարդան Օսկանյանն ինքն է որոշումներ կայացնողը եւ նրա իրավունքն է՝ նման կուսակցություն ձեւավորել, թե՝ ոչ՝ հավելեց Վահան Բաբայանը, ապա, շարունակելով գնահատել արդեն նախկին գործընկերոջ քայլը, հետեւյալ շեշտադրումն արեց. «Համենայնդեպս, ես կարծում եմ՝ Հայաստանում այսօր նոր քաղաքական գործիչների կարիք ավելի շատ կա»:
Ընտրություններին ընդառաջ ստեղծվող եւ ստեղծվելիք նոր կուսակցությունները, այդ թվում՝ Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիքը, հանրապետականների մոտ որեւէ մտահոգություն չի առաջացնում, վստահեցնում է ԱԺ հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Արձագանքելով հարց-դիտարկմանը, որ այս օրերին ակտիվորեն նոր կուսակցություններ են ստեղծվում կամ նման մտադրություններ հայտնվում, սակայն մամուլում Վարդան Օսկանյանի կուսակցություն ստեղծելու մտադրությունն է հատկապես հաճախ քննադատվում, հանրապետական պատգամավորը հորդորեց պատճառն իմանալ մամուլից:
Ասաց, որ իրենք բնական են համարում 2017-ից թիվ մեկ համապետական ընտրություններից առաջ քաղաքական ուժերի ակտիվանալն ու նորերի ստեղծվելը:
Նոր կուսակցություններ ստեղծելու փորձերն ու այդ կերպ ժողովրդի համար արդյունքների հասնելու մասին խոսքերը «Նոր Հայաստան» նախաձեռնության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի գնահատմամբ, անհեթեթություն են:
ԲՀԿ-ից հեռացած պատգամավոր Վահան Բաբայանը, սակայն, կարծում է, որ նոր Սահմանադրությունը եւ ընդունվելիք նոր Ընտրական օրենսգիրքը Հայաստանում նոր իրողություններ են ստեղծել: Նա համոզված է, որ 2017-ին, իրոք, երկրի զարգացմանը միտված փոփոխություններ են լինելու Հայաստանում:
Արձագանքելով հարցին, թե, իր իսկ խոսքերով, քաղաքական շուուների կամ սերիալների մեջ ինչպիսի՞ դերակատարում է տեսնում նախկին ԲՀԿ-ականն իր համար՝ Վահան Բաբայանը վստահեցրեց, թե՝ ո՛չ շոուներին, ո՛չ սերիալներին մասնակցելու ցանկություն չունի ու հենց դրա համար էլ այսօր անկուսակցական է: Նախկին ԲՀԿ-ականը կանխատեսումներ չկատարեց նաեւ ԲՀԿ-ի ապագահի վերաբերյալ: Ասաց, որ կոռեկտ չէ, իսկ մնացածը՝ ժամանակը ցույց կտա:




