

Այսօր խորհրդարանն ընդունել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պատգամավորները քննարկել են երեկ: Դեռեւս առաջին ընթերցմամբ, միաձայն՝ 107 կողմ քվեարկությամբ ընդունվել է Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու նախագիծը:
Հիշեցնենք, որ այս նախագծով Կառավարությունը որոշել է հրաժարվել ԵՏՄ տարածքից ներկրվող ավտոմեքնենաների համար ավելացած արժեքի հարկի գանձումից: Առաջարկը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց, գործելու է «մեկ անձ, մեկ ավտոմեքենա» մոդելով:
Միաձայն քվեարկությամբ այսօր խորհրդարանը՝ երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մի շարք պատգամավորների առաջարկը:
Փաստաթուղթը համարվում է Զարուհի Փոստանջյանի նախագիծը:«9 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում առաջիմն դեպքն է, երբ խորհրդարանական մեծամասնությունը նույնպես կողմ է իմ հեղինակած նախագծին»,- երեկ խորհրդարանում խոստովանել էր Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք, պատգամավորն առաջարկում է բացակա գործընկերների փոխարեն քվեարկելը կարգազանցություն որակել, ինչը ենթակա է պատժի՝ կանոնակարգով սահմանված կարգապահական միջոցներով: Դրանցից ամենամեղմը զգուշացումն է, իսկ ամենախիստը պատգամավորին 6 օրով Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից զրկելը:




