
լրացվել է ժամը 18։50- ին

Մյուս բեւեռային մոտեցմամբ հակառակ տեսակետն է առաջ քաշվում. Ռուսաստանն ի վիճակի չէ լուծելու այն խնդիրները, որոնք դրել է իր առջեւ, իսկ Սիրիայում ռազմական ներկայության շարունակելիությունն, ըստ էության, ավելորդ ծախսեր է նշանակում, ինչը կարող է նաեւ հասարակության մեջ ձեւավորել երկրորդ Աֆղանստանի սինդրոմ, իսկ մոտեցող ընտրությունների ֆոնին նման բացասական բան Ռուսաստանին պետք չէ, քանի որ չի կարողանա պահպանել իր դրական ներկայությունը Սիրիայում: ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովի համոզմամբ, մինչդեռ, ճշմարտությունը այդ երկու բեւեռային մոտեցումների մեջտեղում է:
Ալեքսանդր Մարկարով. «Սեփական օպերացիայի շնորհիվ Ռուսաստանը միանշանակորեն օժանդակել է Ասադին՝ նրան ետ բերելով սիրիական քաղաքականության մեջ: Միանշանակ է, որ Ռուսաստանն ուժեղացրել է կառավարական ե՛ւ զորքերի, ե՛ւ պաշտոնատար անձանց դիրքերը՝ ապագա հնարավոր բանակցությունների ժամանակ, որն, ըստ էության, սկսվել է Ժնեւում: Ռուսաստանը լուծել է նաեւ սեփական իմիջային խնդիրները՝ այն տեսանկյունից, որ աշխարհը հասկացել է՝ Միջին Ալեւելքում Ռուսաստանը հանդես է գալիս կամ շարունակում է հանդես գալ որպես մի ուժ, որի հետ անհրաժեշտ է հաշվի նստել: Ռուսաստանը նաեւ ցույց է տալիս, որ ինքը հանդես է գալիս կամ պատրաստ է հանդես գալ որպես դերակատար, ում հետ կարելի է համատեղ նստել բանակցային սեղանի շուրջ, բանակցել, այդ թվում՝ արեւմտյան երկների համար եւ Ռուսաստանը միանշանակորեն հանդես չի գալիս որպես մի կողմ, որը փորձում է միայնակ խաղալ նույն Սիրիայում»:
Քաղաքագետը կարծում է, որ այժմ Ռուսաստանը կփորձի ներգրավվել բանակցային գործընթացներում՝ տեսնելու, թե ինչպիսի պայմանավորվածությունների կհանգեն սիրիական կողմերը, միաժամանակ, օժանդակելով Ասադին՝ սեփական դիրքորոշումն ուժեղացնելու համար: ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը նաեւ նկատել է, որ Ռուսաստանն ամբողջությամբ չի դուրս բերում իր ներկայությունը Սիրիայից: Հետեւաբար, անհրաժեշտության դեպքում, կարող է շարունակել այն գործողությունները, որոնք հետ կբերի Ռուսաստանի ունեցած ազդեցության ծավալը, որ եղել է մինչ այս: Այս հաշվարկները նկատի առնելով՝ միանգամայն հասկանալի է դառնում Ռուսաստանի կայացրած որոշումը՝ շեշտել է քաղաքագետը:




