
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում, մասնավորապես Մոսկվայի որոշումը՝ հանրապետությունից դուրս բերելու ռազմատիեզերական ուժերի ավիախմբի հիմնական մասը։ Զրույցի մասին հաղորդագրությունը հայտնվել է Կրեմլի կայքում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Զորքերի դուրսբերումը, անշուշտ, լավ ազդանշան կծառայի հակամարտող բոլոր կողմերի համար և պայմաններ կստեղծի իրական խաղաղ գործընթացի մեկնարկի համար»,- նշվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ԱՄՆ անանուն պաշտոնյաները Reuters-ի հետ զրույցում հայտարարել էին, որ Մոսկվան Սպիտակ տանը նախապես տեղյակ չէր պահել իր որոշման մասին։ Նրանք նաև նշել են, որ ԱՄՆ-ը դեռևս չի տեսնում նշաններ առ այն, որ Մոսկվան պատրաստվում է դուրս բերել զորքերը։
Սիրիայից ռազմական խմբի մեծ մասի դուրսբերման մտադրության մասին Պուտինը հայտարարել էր երկուշաբթի երեկոյան՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը։ Նա պարզաբանել էր, որ զորքերն իրագործել են իրենց առջև դրված խնդիրները։
Սպիտակ տան կայքում նշվում է, որ Օբաման ողջունել է Սիրիայում բռնության նվազեցումը՝ հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո։ Օբաման զրույցում ընդգծել է, որ Դամասկոսը պետք է տրամադրի մարդասիրական օգնության անարգել հասանելիություն։
Երկու նախագահները կողմ են արտահայտվել Սիրիայում քաղաքական կարգավորման ակտիվացմանը, ինչպես նաև հանդես եկել հաջակցություն Ժնևում միջսիրիական կարգավորման բանակցություններին, որոնց արդյունքներով սիրիացիներն անձամբ պետք է որոշեն իրենց պետության ապագա կառուցվածքը։




