

Երեկ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը վերջին 5 ամսվա ընթացքում գրանցված 3-րդ նմանօրինակ դեպքն է: Անդրադառնալով հերթական պայթյունին՝ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը նկատել է, որ Թուրքիայի այսօրվա պետությունը նման դեպքերը, անկախ, թե որ կողմից են կատարվել, օգտագործում է հակաքրդական կեցվածք զարգացնելու ուղղությամբ: Թուրքագետը նաեւ նկատել է, որ նման իրավիճակներում բավականին բարդ դրության մեջ է հայտնվում նաեւ Թուրքիայի հայ համայնքը: «Ռադիոլուրը» մեկնաբանություններ է ստացել նաեւ Թուրքիայում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանից։
Ահաբեկչական կազմակերպություններին սատարելու Թուրքիայի քաղաքականությունը մի օր աշխատելու էր իր դեմ, նկատում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: Նրա խոսքով՝ թեպետ պարզ չէ, թե ովքեր են Անկարայում տեղի ունեցած երեկվա պայթյունի ետեւում կանգնածները, սակայն, համոզված է, որ «սա եւս փորձելու են օգտագործել իրենց հակաքրդական կեցվածքի եւ պայքարի մեջ»:
Նման եզրահանգում անելու համար, ըստ թուրքագետի, կան նախադեպեր: Օրինակ՝ Ստամբուլի պայթյունը, որի հետ կապված Թուրքիան զարգացրեց հակաքրդական կեցվածք: Ավելի ուշ պարզ դարձավ, սակայն, որ այն կոնկրետ ԻՊ-ի կողմից կատարված ահաբեկչությունն էր:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի խոսքով՝ Անկարայում տեղի ունեցած առաջին պայթյունը, որը 100 մադու կյանք խլեց, ակնհայտորեն ձեռնտու էր իշխանություններին, քանի որ Էրդողանի դեմ ցույցի մասնակիցների նկատմամբ էր: Թուրքագետի գնահատմամբ՝ դա հասարակությունը հասկացավ, ձեւավորվեց վախի մթնոլորտ, որը պահպանվեց նաեւ հետագայում:
Ըստ նրա, սակայն, այլ է իրադրությունը երկու պայթյունների հետ կապված, որոնք, ըստ նրա, հավանաբար գալիս են այլ կողմից: «Դա թուլացնում է Էրդողանի դիրքը, քանի որ ինչ-որ մարդիկ կարողանում են հենց մայրաքաղաքում՝ Անկարայի կենտրոնում ու վարչական կառույցների մոտակայքում, Էրդողանին չհակադրվող մարդկանց նկատմամբ, նման բաներ կազմակերպել»:
Մեկ այլ թուրքագետ՝ Հակոբ Չաքրյանը, մինչդեռ, կարծում է, որ նման գործողություններն ամրապնդում են Էրդողանի դիրքերը: «Նա իր ելույթներում էլ ասում է, որ եթե ես չլինեմ՝ շատ ավելի վատ կլինի: Ժողովուրդն էլ հավատում է»:
Հիշեցնենք, որ պայթյունն իրականացվել էր քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկում՝ Կըզըլայ կենտրոնական հրապարակում։ Որոշ տվյալներով՝ Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է 37, վիրավորվել 125 մարդ: Տուժածներից 19-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Թուրքիայում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ Անկարայի պայթյունի հետեւանքով հայ համայնքից տուժածներ չկան: «Անկարան նախ շատ հայաբնակ քաղաք չէ: Մեր համայնքի անդամներից շատ սակավ թվով մարդիկ կան Անկարայում: Մեր ունեցած տեղեկություններով էլ՝ այս պահի դրությամբ ո՛չ զոհվածների, ո՛չ վիրավորների թվում հայեր չկան»։
Թուրքագետը նկատեց նաեւ, որ անապահովության նման դրսեւորումների համար Թուրքիայում պատասխանատվություն կրող չի լինում: Սա խորացնում է հասարակության, հատկապես՝ ազգային փոքրամասնությունների եւ առաջին հերթին հայ համայնքի վախերը, քանի որ նման դեպքերում նրանք սովորաբար դառնում են թիրախ: «Հայերը նման դեպքերում միշտ կրկնակի վախեր ունեն՝ թե՛ երկրի ապահով չլինելու պատճառով, թե՛ հայ լինելու պատճառով, որ՝ իրենց գլխին էլի կարող է ինչ-որ բան գալ»։
Թուրքիայում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, մինչդեռ, մեզ հետ զրույցում նշեց, որ նման առումով հայկական համայնքը բացարձակապես մտահոգություն չունի, քանի որ թուրք հասարակության մոտ, Արա Գոչունյանի ձեւակերպմամբ, ամրապնդված է այն գիտակցությունը, որ նման ահաբեկչությունների, բռնարարքների հաղթահարման հիմնական նախադրյալներից մեկը երկրի ներսում միասնական զորակցության ամրապնդումն է:
«Հետեւաբար, Թուրքիայի հայ համայնքի անդամները, լինելով երկրի քաղաքացիներ, անգամ կասեի՝ լինելով երկրի օրինակելի քաղաքացիներ, առանձնապես մտահոգություններ չունեն: Ավագանու կոչերն էլ լինում են միշտ սառնասրտության եւ ներքին միասնականության պահպանման ուղղություններով»:
Արա Գոչունյանը նաեւ շեշտեց, որ, բնականաբար, հայ համայնքը մեծ ցավ եւ մտահոգություն է ապրում այն առումով, որ երկրում նման սահմռկեցուցիչ դեպքեր են տեղի ունենում: Հատկապես, երբ երեկվա պայթյունը վերջին մեկ ամսվա ընթացքում Անկարայում արդեն երրորդն է:
Միաժամանակ՝ Արա Գոչունյանը չբացառեց եւ բնական համարեց, որ նման դեպքերը կարող են որոշակի ծայրահեղական, արմատական մթնոլորտ ստեղծել: Այդուհանդերձ՝ «այդ բոլորն իրենց հերթին, սակայն, այս պահի դրությամբ, նման հեռանկարներով մտահոգություններ համայնքի ներսում չկան»:
Թուրքիայի հայությունը, բնականաբար, ցավակից է եւ կիսում է երկրի վիշտը, հավելեց Արա Գոչունյանը: Նշենք նաեւ, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրականացված ահաբեկչության առնչությամբ ցավակցություն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: «Մենք սգում ենք Անկարայի պայթյունի զոհերի համար: Մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:




