Միջազգային

Մոսկվան հերքում է Սիրիայի դաշնայնացման շուրջ բանակցությունների լուրը

Ռուսաստանի արտգործնախարարությունն այսօր հերքել է նախօրեին տարածված տեղեկությունը, թե Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում քննարկվում է երկրի դաշնայնացման հարցը: «Դա անհեթեթություն է, նման հարց Մոսկվան չի  բարձրացնում, այդպիսի գաղափարներ պետք է հնչեցնեն իրենք՝ սիրիացիները, և հարցը ներքին քննարկման դնեն»,- ՏԱՍՍ գործակալությանն ասել է Ռուսաստանի նախագահի՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը։ Ներկայացնելով Մոսկվայի դիրքորոշումը՝ Բոգդանովը հավելել է, որ ավելի լավ է պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը, բայց ՌԴ- ն չի պատրաստվում միջամտել ներսիրիական գործընթացին։

Reuters գործակալությունը նախօրեին հայտնել էր, թե Ռուսաստանն ու Արևմուտքը ՄԱԿ-ի միջնորդությամբ քննարկում են Սիրիայի դաշնայնացման հնարավորությունը: Ըստ գործակալության՝ այն թույլ կտա պահպանել պատերազմի պատճառով մասնատման եզրին գտնվող պետությունը՝ դաշնային միավորներին տալով լայն ինքնավարություն:

Առաջարկն արդեն փոխանցվել է ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստաֆֆան դե Միստուրային: Հիշեցնենք, Սիրիայում արդեն երկու շաբաթ է հաստատված է հրդադարի ռեժիմ, այն համաձայնեցրել էին Մոսկվան և Վաշինգտոնը:

Կարդացեք նաև

Back to top button