
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Եվրոպական շուկայում վերջերս մուտք գործած եւ Ամերիկաի Միացյալ Նահանգներում դեռեւս հետազոտական փուլ անցնող նոր որակի ստենտը այսօր առաջին անգամ տեղադրվեց «Էրբունի» բժկական կենտրոնում: Ստենտի նոր որակը ներկայացնում է կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանը. «Ներկայում կիրառվող ցանկացած ստենտ իրենից ներկայացնում է մետաղական ինպլանտ, որը մնում է մարդու օրգանիզմում մինչեւ կյանքի վերջ: Իսկ նոր ստենտը տարբերվում է նախորդից նրանով, որ չունի մետաղական հիմք, ժամանակի ընթացքում լուծվում է, եւ անոթը վերականգնում է իր նորմալ ֆիզիոլոգիական հատկությունները:
Համլետ Հայրապետյանի խոսքով՝ նոր ստետն անհամեմատ ավելի թանկ արժե,ինչը մասնագետը նորմալ է համարում, պարզաբանելով՝ ցանկացած որեւէ նորություն նախորդից ավելի թանկ է լինում: Վիրահատական միջամտության որակական հատկանիշն ըստ բժկի կախված է մասնագետից եւ, իհարկե, սարքից: «Ստենտավորման հաջողությունը մեծապես կախված է վիրահատող բժշկի մասնագիտական ունակություններից եւ տեխնիկայի որակից: Պետք է նշեմ , որ «Էրեբունի» բժկական կենտրոնի անգիոգրաֆը ոչ միայն լավագույններից մեկն է հետխորհրդային երկրներում, այլեւ եզակի է. SIEMENS ARTIS մակնիշի ապարատ է եւ ունի Բ պլան սարքավորում: Այն հնարավորություն է տալիս կատարել ոչ միայն սրտի ստենտավում, այլեւ տարբեր անոթային վիրահատական միջամտություն շատ բարձր որակական հատկանիշներով»:
Ներանոթային վիրահատությունը տեւում է 20-30 րոպե եւ կատարվում է առանց ցավազրման: Պարզապես երակի միջոցով ներթափանցելով անոթ՝ բացվում է խցանված անոթը ՝արյան շրջանառությունը նորմային մոտեցնելով: Նոր ստենտից օգտվողների թիվը կավելանա թե ոչ, դեռ հայտնի չէ, բայց սրտաբանության բաժանմունքի վարիչն ասաց, որ վերջին շրջանում հիվանդների թիվն ավելացել է՝ կապված մեր երկրում գործող ապահովագրական համակարգի ներդրման հետ: Լրագրողների աչքի առջեւ վիրահատված հվանդն այժմ իրեն լավ է զգում, պալատում է , եւ ավելին՝ արդեն հասցրել է ճաշել:




