
տեղադրվել է ժամը 13։08- ին
լրացվել է ժամը 16։18- ին

Սևանի էկոհամակարգի, Սևանա լճի ձկնային պաշարների վրա դրա ազդեցության, նաև ձկնային պաշարների վերականգնման, պահպանման և արդյունավետ օգտագործման համար ձեռնարկվող քայլերի մասին է այսօր խոսել ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Նա գոհունակությամբ նկատել է, որ լճում հայտվել են որոշ կենդանիների և բույսերի տեսակներ, որոնք բնորոշ են մաքուր ջրերին, ինչն արդեն իսկ վկայում է լճի որակի բարձրացման մասին: Բարդուխ Գաբրիելյանն անդրադարձել է նաև Կարճաղբյուր գյուղում կառուցված մանրաձկան արտադրության գործարանին, որի շնորհիվ նախատեսվում է վերականգնել էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի եւ ամառային ենթատեսակների իշխանի պաշարները: Բնապահպանները, սակայն, շարունակում են ահազանգել, նախագծի իրականացումը հղի է լուրջ վտանգներով:
Վերջին տարիներին Սևանա լիճը սկսել է բարձրանալ և ջրի որակն էլ լավացել է: Խոսելով Սևանա լճի ջրի որակի դրական միտումների մասին՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը նկատեց, որ լճում հայտվել են որոշ կենդանիների և բույսերի տեսակներ, որոնք բնորոշ են մաքուր ջրերին: Սա, իհարկե, լավ է, բայց չի նշանակում, որ պետք է ճահճացման վտանգը բացառել, ասում է։
Անդրադառնալով վերջին տարիներին արհեստական աճեցված իշխանի մանրաձկանը՝ Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ դեռ վաղ է խոսել բնական ճանապարհով պոպուլյացիայի վերականգնման մասին։ Ի դեպ, մանրաձկան աճեցման առումով նա մեծապես կարևորեց Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում կառուցված մանրաձկան արտադրության գործարանը, որի շնորհիվ նախատեսվում է վերականգնել էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի եւ ամառային ենթատեսակների իշխանի պաշարները, բարելավել իշխանի համար ձվադրավայր գետերի էկոլոգիական վիճակը, որը կնպաստի իշխանի բնական վերարտադրությանը և պոպուլյացիաների ձեւավորմանը:
Որքան էլ պետական կառույցները ողջունեն այս նախագիծը, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը շարունակում է պնդել, որ նախագիծը լուրջ վտանգ է ներկայացնում Սևանա լճի համար: Բնապահպանական հնարավոր ռիսկերը պատկերացնելու համար Սիլվա Ադամյանը դեռևս նախագծի փորձարկման ժամանակ է խնդրել մոնիթորինգ իրականացնել և այն տրամադրել բնապահպաններին:
Անդրադառնալով բնապահպանների մտահոգությանը՝ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը հավաստիացրեց, որ կերով պայմանավորված խնդիրներ չեն առաջանա: Մասնագետները այժմ աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի օրգանական նյութերի ավելցուկը բացասական ազդեցություն չունենա լճի ջրի որակի վրա: Այլ խնդիր նախագծի իրականացման մեջ Բարդուխ Գաբրիելյանը չի տեսնում:




